
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ 2016 թվականի հուլիսի վերջերին Սևան համայնքի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից:
Նկատի ունենելով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Սևանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով ծանուցագիր է ուղարկվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին և հրավիրվել որպես վկա հարցաքննության։ Վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ առանց պատշաճ իրազեկելու չներկայանալու պատճառների մասին, և քննիչը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին։
Սեպտեմբերի 23-ին Ռ.Ղուկասյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին. նա եկել է փաստաբանի հետ և պարտավորվել ավելի ուշ ներկայանալ քննչական գործողության։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




