Հասարակություն

ՀԲ հետ համագործակցությունը մշտապես ունի չափելի արդյունքներ. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, “Հայաստանի կրթության բարելավում” (ԿԲԾ) ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ: ՀԲ կրթության թիմն այս օրերին Երևանում է` վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցելու առաքելությամբ: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցությունը հստակ չափելի  արդյունքներ է արձանագրել:

“Համաշխարհային բանկն իրականացնում է քայլեր, որոնց արդյունքները պարզորոշ են. կրթության ոլորտում ծավալած համագործակցության  առանցքում  բանկը մշտապես ճիշտ շեշտադրումներ է արել: Այս իմաստով հստակ կարող եմ թվարկել,  որ  սկսած  1998 թվականից`  բանկի հետ մեր աշխատանքն ինչ արդյունքներ է արձանագրել”,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նրա գնահատմամբ` այդ համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են հանրակրթության կառուցվածքային փոփոխությունները, մշակվել են ավագ դպրոցից  դեպի բարձրագույն կրթության անցման մեխանիզմները, ներդրվել են բուհական ընդունելության նոր`միասնական քննությունների և բուհերի հավատարմագրման  համակարգերը: Վերջինիս ձևավորումն արդեն ընդգրկվել է   Բոլոնյան գործընթացի շրջանակ, և մեր երկրում ՀԲ-ի գործունեությունն արդեն թիրախավորվել է դեպի ավագ դպրոցների հիմնանորոգման ապահովում:
Երախտագիտություն  հայտնելով  դպրոցների հիմնանորոգման ուղղությամբ  ՀԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցության համար` Լևոն  Մկրտչյանը միաժամանակ ընդգծել է, որ իբրև կրթության պատասխանատուի` իր համար առավել կարևոր են կրթության որակի ապահովմանն ուղղվող բարեփոխումները` շեշտելով, որ ներկայում նախարարությունում լուրջ գործընթացներ են ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է “Բարձրագույն կրթության մասին” ՀՀ օրենքի նախագիծը:

Այս համատեքստում նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ Հ ամաշխարհային բանկի ֆինանսական աջակցության հաջորդ մասնաբաժինը կհատկացվի բուհական համակարգի բարեփոխումներին: Խոսելով այդ բարեփոխումների իր տեսլականի մասին` Լևոն Մկրտչյանն առանձնացրել է 2 կարևորագույն ուղղություն` բուհերի խոշորացում և հզորացում` ցանցային համալսարանական համակարգի ստեղծմամբ և համալսարանական ինքնավարություն` ֆինանսավորման և կառավարման ներքին  ժողովրդավարական մեխանիզմների ներդրմամբ:

Նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ` եթե մեկնարկեն գլոբալ բարեփոխումներ, Հայաստանում գործող 2 միջպետական համալսարանների (Ամերկյան և Ֆ րանսիական) մոդելները կարող են օրինակ ծառայել: “Մեզ համար  կարևոր է գտնել բուհերի կառավարման և ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել կամ իրավակազմակերպական ձև. ներկայիս գործող հիմնադրամների տարբերակը ամբողջությամբ չի կարգավորում համալսարանական խնդիրները: “Բարձրագույն  կրթության  մասին” ՀՀ օրենքում պետք է հստակ սահմանել համալսարանների իրավակազմակերպական ձևը, որը կլուծի բուհական համակարգի առջև կանգնած խնդիրները”,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով Լևոն Մկրտչյանին` կրթության ոլորտի մարտահրավերների ու  բարեփոխումների համապարփակ ներկայացման համար, ՀԲ ԿԲԾ համաղեկավար Նինո Կուտալաձեն իր հերթին կարևորել է կրթության բովանդակային բաղադրիչների սահուն իրականացումը:  Վերահաստատելով  ՀԲ-ՀՀ կրթության և գիտության նախարարություն արդյունավետ համագործակցության  փաստը` նա ընդգծել է, որ իրենց նախագծերի մշակման գործում չափազանց կարևորում են  տվյալ համակարգի պատասխանատուների կողմից  ներկայացվող ոլորտի կարիքների նկարագիրը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախադպրոցական կրթության ընթացիկ ծրագրերի իրականացմանը:

Back to top button