ՀասարակությունՑեղասպանություն 100

Բունդեսթագն ու Ջեմ Օզդեմիրը կպարգևատրվեն Ազատության մրցանակով

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի արևմտյան շրջանը (ANCA-WR) հայտարարել է, որ թուրքական ծագում ունեցող, Գերմանիայի խորհրդարանի անդամ Ջեմ Օզդեմիրը և Գերմանիայի Բունդեսթագը հավաքականորեն կպարգևատրվեն 2016թ. –ի ANCA-WR-ի Ազատության մրցանակով՝ թուրքական կառավարության ճնշմանը դիմակայելու հարցում ցուցաբերած քաջության և Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացնելիս, Ջեմ Օզդեմիրը հայտարարել էր, որ պատշաճ պահ է ստեղծվել խոսելու մի այնպիսի աներևակայելի բարբարոսության մասին, ինչպիսին է ցեղասպանությունը:

Շարունակելով իր խոսքը, Օզդեմիրը նշել էր, որ երկարատև քնարկումներից հետո իրենք քվեարկում են մի բանաձևի ընդունման օգտին, որը վերաբերում է ցեղասպանությանը, այն շատ հստակ կերպով անդրադառնում է Գերմանիայի մասնակցությանը այս հարցին և հաստատում է, որ այդ մասնակցությունը Գերմանիային կապում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցին:

Նշենք, որ Օզդեմիրի անձնական պատմությունը նրա առաքելությունը դարձնում է առավել հատկանշական: Ծնվելով Գերմանիայում ՝ թուրք-չերքեզական ընտանիքում, ովքեր Գերմանիա էին գաղթել Թուրքիայից, Օզդեմիրն ինքն իրեն համարում է աշխարհիկ մահմեդական: Ջեմ Օզդեմիրը միշտ եղել է մարդու իրավունքնրի իրական պաշտպան:

Օզդեմիրն իր խորը երախտիքն է հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արևմտյան շրջանին՝ իրեն Ազատության մրցանակ շնորհելու համար: Հիշեցնենք, որ ANCA WR-ի ամենամյա հանդիսավոր միջոցառումը տեղի կունենան Լոս Անջելեսում ՝ 2016թ-ի հոկտեմբերի 16-ին:

Կարդացեք նաև

Back to top button