Հասարակություն

Անկախության սերնդի թանկ նահատակները. Զորիկ Գեւորգյան

alisagevorgyan
2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը` Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս արիաբար զոհվեց քաջարի սպան` Զորիկ Գևորգյանը, հետ շպրտելով թշնամու շուրջ հիսուն հատուկ ջոկատայիններին ու հասցնելով նրանց  բազմաթիվ կորուստներ: Հերոսի հիշատակին Վանաձորի զինվորական ավանին կից տարածքում կառուցվել են Սուրբ մատուռ ու հուշաքար: Նույն ավանում գտնվող հերոսի տան յուրաքանչյուր անկյուն ևս այսօր Զորիկին է հիշեցնում: Հերոսի ծնողներն ու միակ քույրը` Անին, սուրբ մասունքների նման պահպանում են Զորիկի մտքից ու գրչից ծնված յուրաքանչյուր տող, բանաստեղծություն, նկար` թղթին, թե շքամուտքի պատերին արված, անգամ նրա ստորագրությունը, որն այնքան գեղեցիկ է: «Մեզ համար շատ թանկ է այն ամենն, ինչին Զորոյիս մատը կպել է»,- հերոսի ընտանիքին այցելած Ալիսա Գևորգյանին պատմել է նրա քույրը՝ է Անին: Զորիկ Գևորգյանն անկախության սերնդի մեր թանկ նահատակներից մեկն է, ում և նվիրված է «Ռադիոլուրի» ռեպորտաժը:

Շնորհավոր տոնդ իմ ԱՇԽԱՐՀ:

Եվ թող Տիրոջ առաջ պատասխան տան բոլոր նրանք, ովքեր մոռանում, ուրանում են ….

ՓԱՌՔ ՔԵԶ ԵՐԿՐԻՍ Հերոս Զորիկ Գևորգյան: Զորիկի միակ քրոջ՝ Անիի ֆեյսբուքյան էջում անկախության 25-րդ տարեդարձի օրն արված գրառումն է: Նման գրառումներ այստեղ ամեն օր կգտնեք: Զորիկն իր հարազատների աշխարհն էր ու երբ այցելում ես նրանց, տեսնում ես իրենց աշխարհը կորցրած ու այդ աշխարհը նոր հորիզոններում վերագտած մարդկանց: Զորիկի մայրը՝ տիկին Հերմինեն պատմում է, որ դեպքից հետո, առաջին օրերին անընդհատ մեղավորներ էր փնտրում, իսկ հետո երազում տեսավ որդուն, որը նրան վերափոխեց:

Զորիկի արյամբ շաղախված հողը տիկին Հերմինեի համար անգին է դարձել: Իսկ երկնքում հերոսի աստղը նաև հարևան տիկին Հայկուշն է տեսնում: Վանաձորի զինվորական ավան տեղափոխվելուց հետո անմիջապես մտերմացել էին Հերմինեի ու ժիրայրի ընտանիքի հետ:
Զորիկը հինգ տարեկան էր, միջնեկ տղայի՝ Տարոնի հետ գրեթե հասակակիցներ էին: «Շատ էին մտերմացել, միմյանցից չէին բաժանվում»,-պատմում է տիկին Հայկանուշը:

Տարոնը Ռուսաստանում աշխատում է, մեր այցի օրը Հայաստան էր ժամանել: Տուն էր մտել ու անմիջապես եկել Զորիկի տուն: Նրանք այդպես են անվանում զինվորական ավանի տարածքում գտնվող այն վայրը, որտեղ այժմ Զորիկին նվիրված հուշաղբյուրն է, մատուռը, խաչքարը, տաղավարը, որտեղ զինվորներին այցելող ծնողները հանդիպում են զավակների հետ: Հենց այստեղ՝ Զորիկի տանն էլ, զրուցեցի Տարոնի հետ: Դժվար էր խոսում, արցունքները խեղդում էին, Զորիկը նաև նրա աշխարհն էր՝ մանկության, պատանեկության աշխարհը:

«Երբ արձակուրդ էր գալիս կեցվածքս միանգամից փոխվում էր, այնքան ինքնավստահ էի դառնում, այնքան ամուր  էի ոտքս գետնին դնում: Զորոյիս կողքին ուրիշ մարդ էի դառնում»,-եղբոր հետ անբացատրելի կապի մասին պատմում է Անի Գևորգյանը, որն այսօր չի կարող պարզապես Անի լինել, նա հերոս Զորիկ Գևորգյանի քույրն է, իսկ դա հպարտության խորը զգացողություն է ու չափազանց մեծ պատասխանատվություն: Լավ է թե վատ, դժվար է  ասել, բայց Անին այսօր ապրում է ՝ աշխարհին նայելով միայն Զորիկի աչքերով:

Զորիկի հարազատների հետ անցկացրած ժամանակը լցված է արցունքներով, հիշողություններով, հպարտությամբ, կորստի ու կարոտի դեմ ոչ պակաս հերոսությամբ մաքառող Զորիկի հարազատների անվերծանելի ու անչափելի ցավով, բայց նաև ժպիտով: Տան յուրաքանչյուր անկյունում Զորիկի լայն, գեղեցիկ ու անկեղծ ժպիտն է, ՀԵՐՈՍԻ:

Եվ թող Տիրոջ առաջ պատասխան տան բոլոր նրանք, ովքեր մոռանում, ուրանում են … Ուզում եմ ավարտել՝ հակադարձելով եղբոր հիշատակի մոռացման վախի առաջ կանգնած Անիի մի տեսակ ներքին տագնապով գրված այս խոսքերին:

Ասել, որ Զորիկին, Ռոբերտին, Ազատին, Սասունին, նահատակված մեր մյուս տղաներին մոռանալ կնշանակի ժխտել նրանց անմահությունը, իսկ դա հավասարազոր  է ազգային ինքնասպանության: Ըստ իս, ազգը չի մեռնում, քանի դեռ հիշողությամբ համառորեն  ապրեցնում է իր հերոսին ու թույլ չի տալիս նրա մահը՝ հիշողության մահը:

Back to top button