Քաղաքական

ԱՄՆ հաստատուն և աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար.Բարաք Օբամա

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:

«Մեծարգո՛ Նախագահ,

Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:

Միացյալ Նահանգները հաստատուն և աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ օրերի խոստմանը, երբ հայերը 1920թ-ից ի վեր առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը: Այսօր մենք կրկին փաստում ենք մեր համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար:

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար: Մենք կշարունակենք աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը:

Անկախության 25-ամյակի առթիվ մաղթում եմ ամենալավն ու բարին Ձեզ և հայ ժողովրդին»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Back to top button