Մրցանակներ՝ Գրականություն-Բանակ կապն ապրապնդողներին
Հայաստանի գրողների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ այսօր անցկացրեցին հատուկ մրցանակաբաշխություն, որի նպատակն էր պարգևատրել բանակային և ռազմահայրենասիրական թեմաներով ստեղծագործող գրողներին: Մրցանակաբաշխությունն անցակվում է երկրորդ տարին, և մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես ավագ սերնդի, այնպես էլ երիտասարդ գրողների շրջանում: Ի դեպ, այս տարի գրողները իրենց ստեղծագործություններում անդրադարձել են քառօրյա պատերազմի հերոսներին: «Ռադիոլուրը» զրուցել մրցանակակիր գրողների հետ:
Գրականություն-Բանակ կապն ամրապնդող ժամանակակից ստեղծագործողները մրցանակների արժանացան իրենց գործերի համար: Վերջին քսան-քսանհինգ տարիներին բազմաթիվ ստեղծագործություններ են հրատարակվել, որոնք վերաբերում են Արցախյան ազատամարտին, հայոց բանակին ու հայ զինվորին: Եվ բնական է, որ հայրենիքի, խաղաղության ու պատերազմի թեմաները հավերժական են:
Գրող Ղուկաս Սիրունյանը, ով պոեզիայի անվանակարգում հաղթողներից մեկն է, մրցանակ է ստացել անդրադառնալով քառօրյա պատերազմի օրերին և հերոսներին, նշում է՝ քանի դեռ մեր ժողովուրդը կա, քանի հայ զինվորը կպաշտպանի հայրենիքը, հայ գրողը կգովերգի հայրենիքն ու նրա քաջ պաշտպանին:
Գրողը, ով մշտապես իր գրչով կանգնած է եղել զինվորի կողքին, այսօրվա բանակի մասին պատմող ստեղծագործությունները գնահատելիս նշում է, իհարկե, դեռ չկա այն գործը, որը կգոհացնի ընթերցողին, ունի իր պատճառը՝ չհայտարարված պատերազմը:
Ի դեպ, երկու տարի է ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ գրողների միության գրողներն այցելում են ՀՀ և ԼՂՀ զորամասեր, ելույթներ ունենում զինվորների ու սպայական անձնակազմի առաջ, պատասխանում նրանց հուզող հարցերին: Եվ ահա բանակ- հասարակություն կապն ամրապնդելու, գրողներին բանակին, սպային ու զինվորին մերձեցնելու նպատակով է, որ համատեղ հայտարարել են մրցանակաբաշխություն՝ բանակային թեմայով գրված լավագույն արձակ ու չափածո ստեղծագործությունների համար։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջունեց գրողների միության և պաշտպանության նախարարության համագործակցությունը, ինչը բանակի սպաներին ու զինվորներին թույլ կտա ավելի մոտիկից շփվելու ժամանակակից գրողների ու նրանց ստեղծագործությունների հետ, գրողներին էլ հնարավորություն կտա ավելի հանգամանալից ծանոթանալու բանակաշինությանն ու զինված ուժերի ձեռքբերումներին:
Տեղեկացնենք, որ միայն արձակ ժանրում կար առաջին մրացանակ, որը ստացավ գրող Հրաչ Բեգլարյանը: