Հասարակություն

Այսօր լուսահոգի Վազգեն Ա Վեհափառի ծննդյան օրն է

vazgen-aԱյսօր լուսահոգի Վազգեն Ա Վեհափառի ծննդյան օրն է:

(20 սեպտեմբեր, 1908 — 18 օգոստոս, 1994)
Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոս

Ծնվել է Բուխարեստում` որպես Կարապետ Աբրահամի Պալճյան: Սեպտեմբերի 23-ին մկրտվել է, որից հետո տրվել է նաև երկրորդ` Լևոն անունը և վերանվանվել է Լևոն-Կարապետ Պալճյան: Միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստացել է Բուխարեստի հայկական, ապա` գերմանական պետական ուսումնական հաստատություններում: 1931-37թթ սովորել է Ռումինիայի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում: 1942թ. Ռումինիայի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Զոհրապյանի մահից հետո, ընտրվել է արժանի հաջորդ: 1943թ. Աթենքում ձեռնադրվել է քահանա` վերանվանվելով Վազգեն և ստանալով վարդապետական աստիճան: 40-օրյա պահեցողության շրջանից հետո, մատուցել է իր անդրանիկ պատարագը, որից հետո ընտրվել է թեմի առաջնորդական տեղապահ: 1948թ. ռումինահայ թեմի պատգամավորական ժողովը Վազգեն վարդապետին ընտրել է առաջնորդ, իսկ մայիսի 23-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Գևորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ, նրան շնորհվել է ծայրագունության աստիճան: 1951թ. Վազգեն ծայրագույն վարդապետին շնորհվել է եպիսկոպոսական աստիճան, իսկ 1954թ.` Էջմիածնի եպիսկոպոսական ժողովում, գերագույն խորհրդի անդամ: 1955թ. սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովի նիստում, Վազգեն եպիսկոպոս Պալճյանը ընտրվել և դարձել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսը: Նրա ավանդը հայ եկեղեցաշինության և հայ հոգևոր դասի համախմբման գործում շատ մեծ է եղել: 1956թ. նրա նախաձեռնությամբ վերակառուցվել են Հայաստանի և արտասահմանի հայկական եկեղեցիներ և հոգևոր կենտրոններ: 1958թ. Վեհափառը նախաձեռնել և կազմավորել է մոտ 15 հայկական նոր թեմեր ամբողջ աշխարհում: Նրա այցելությունները եղել են Եվրասիայից մինչ Հարավային Ամերիկայի հայկական հոգևոր կենտրոններ: 1962թ. Վեհափառի նախաձեռնությամբ հայ եկեղեցին դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ: 1991թ., ՀՀ ԳԱԱ որոշմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինը ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ: Մեծ է եղել Վեհափառ հոր նպաստը Լեռնային Ղարաբաղի ազատամարտի զինվորների գոտեպնդման գործում: Նրա հայրական օրհնությամբ իրենց առաքելությունը ստանձնեցին ՀՀ առաջին նախագահը և խորհրդարանը: Մեծագույն ավանդ է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում: Ազգային և հոգևոր արժեքների պահպանության, զարգացման գործում դրսևորած նվիրումի և մատուցած բացառիկ ծառայությունների համար, 1994թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագույն կոչումն ու հայրենիքի առաջին շքանշանը շնորհվում է Նորին Վեհափառությանը: 86-ամյա հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, վախճանվել է Երևանի հայրապետական իր առանձնատանը:

Կարդացեք նաև

Back to top button