

Մեկ գյուղի օրինակով ընդհանրական պատկեր՝ Հայաստանի բազմաթիվ գյուղերի համար: Առևտուրը նվազել է, խանութները դատարկվել, գյուղացիների պարտքերի ցուցակներն ամփոփվում են ոչ թե մեկ, այլ մեկ տասնյակից ավելի տետրերում: Տավուշի մարզի Գոշ համայնքը արդեն մի քանի ամիս է, ինչ խոշորացվել ու միացել է Դիլիջանին: Այս համայնքում էլ, ինչպես շատ բնակավայրերում, առևտրի ցանկացած կետ մտնելիս, առաջինը խոսում են առևտրի նվազումից ու քաղաքացիների պարտքերի ցուցակներից: Գյուղում աշխատանք չկա, տղամարդկանց մի մասն արտագնա աշխաանքի է մեկնել, մյուսներն էլ՝ աշխատանք են փնտրում: 25 աշակերտ ունեցող դպրոցում մի քանի դասարանների աշակերտներ միասին են դաս անում, նրանց երազանքը մեկն է՝ սովորել ժամանակակից ու լուսավոր դասարաններում, որտեղ գրատախտակին մոտենալիս կավիճից չեն փոշոտվի:
«Ոչ միայն մեր գյուղացիներն են պարտքերի տակ, այլ ողջ պետությունը»՝ Հայաստանի արտաքին պարտքը մատնանշելով է զրույցն սկսում գոշեցի տիկին Անահիտը: Նրան խոշորացված այս համայնքում բոլորն են ճանաչում: Տիկնոջ խանութից գյուղի մեծ մասն է օգտվում: Զրուցակիցս անկեղծանալով խոստովանում է՝ զբոսաշրջային կենտրոն դառնալն իրենց օգնել է, առևտուրը, սակայն, միայն ամռանն է աշխուժանում: Տարեցտարի, սակայն, զբոսաշրջիկների թիվը նվազում է: Այս տարին էլ բացառություն չէր, եթե զբոսաշրջիկները առևտուր չանեն, խանութը ֆինանսական դժվարություններից աչք չի բացի:
«Իհարկե ունենք «նիսյա»-ի տետր, հիմա ունենք, որ երկրորդ տարին է՝ տարել է ու չի կարողանում վերադարձնել»:
«Աշխատանք չկա, մարդիկ փող չունեն»,- գյուղացիների սովորական դարձած կենղացն է արդարացնում զրուցակիցս: Պարտքի ոչ թե մեկ , այլ մեկ տասնյակից ավելի տետրեր ունի, թերթում է դրանք, հաշվում, նորից փակում : Գյուղի սոցիալական պատկերն ավելի է խտանում, երբ Անահիտ Վերնայանը պատմում է այն համագյուղացիների մասին, ովքեր պարտքով ապրանք են ցանկանում վերցնել խանութից.
«Խղճում ես, եթե գիտես, որ մի ամիս է տանը հաց չունի, ու ընդամենն եկել, կես կգ վաֆլի է ուզում, որ սովը հագեցնի, ոնց կարող ես չտալ»:
Տիկին Անահիտի անունն էլ կա պարտքի ցուցակներում, միայն թե ոչ թե խանութի, այլ՝ ապրանք բերող առաքիչների: Շատ հաճախ այն մարելու համար ստիպված անասուններն են վաճառում: Գյուղի մասին խոսելիս առաջինն ընդգծում է՝ մեծ մասը դրսում է, նկատի ունի՝ արտագնա աշխատանքի մեկնողներին .« Հազվագյուտ տուն կգտնես, որ ՌԴ-ում մարդ չունենան, բայց թե ինչ կա: Ստիպված են գնում, կոպեկներ է հիմա դարձել ռուսական ռուբլին: Էնպիսիներն էլ կան, որ անգամ էդ հնարավորությունը չունեն: Լավ չի մեր գյուղի վիճակը, շատ վատ է»:

Գյուղը նոր է գազիֆիկացվում, սակայն, զրուցակիցս վստահ է՝ որևէ մեկը չի կարողանա օգտվել դրանից, չունեն անգամ նախնական գումարը, որ կարողանան վճարել: Գյուղացիների անունից է խոսում, որովհետև տեղյակ է բոլորի սոցիալական խնդիրներից:
Գոշում առաջին իսկ պատահած գյուղացին աշխատանքի բացակայությունից է դժգոհում, Հռիփսիմե Գրիգորյանն էլ բացառություն չէր .« Աշխատանք չկա, շատ դժվար է, մարդիկ չեն կարողանում աշխատել, խանութներից նիսյա վերցնում ենք, աշխատանքս քչի է բավարարում: Երիտասարդ չկա էստեղ»:
25-ամյա Արմինեն աշխատում է Գոշի հիմնական դպրոցում՝ պատմության մասնագետ է, զուգահեռ նաև գյուղատնտեսությամբ է զբաղվում, ջերմոցային տնտեսությունում լոլիկ ու վարունգ է աճեցնում: Քաղաքում ապրել է, սակայն, սիրում է իրենց գյուղը, հենց այս պատճառով էլ վերադարձավ Գոշ:
Գյուղի ներքևի հատվածքում գտնվող թաղամասում տեղացիներն իրենք իրենց Ներքին Գոշի բնակիչներ են անվանում: Հիմնական դպրոցում 25 աշակերտ է սովորում: Ամենաշատը՝ չորս աշակերտ , սովորում է իններորդ դասարանում: Արմինեն հիշում է իրենց սովորելու տարիներն ու մեզ հորդորում պարզապես քայլել Մխիթար Գոշի փողոցով ու տեսնել, թե քանի փակ դուռ կա միայն այդ փողոցում: Իսկ դռներն իսկապես փակ էին .«Քիչ են, որովհետև գնում են արտագնա աշխատանքի: Օրինակ, քեռուս տղաները՝ երեքն են, իրենց երեխեքի հետ գնացել են: Վերջին մի տասը տարին ա, որ դպրոցի աշակերտների թիվը քչացել ա, երբ որ ես աշակերտ էի, մեր դպրոցում 100 ից ավել աշակերտ էր սովորում, հիմա ընդամենը 25 աշակերտ է»:
Կիսավեր դպրոց՝ կոտրված ապակիներով: Գոշի հիմնական դպրոցն այսպես է բնութագրում ամենաշատ աշակերտ ունեցող դասարանում սովորղ Հենզելը:
Ամեն օր դաս են նստում չորս հոգով : Նույն դասարանում նաև ութերորդ դասարանցի երկու աշակերտներ են, ընդհանուր առմամբ, դասարանում վեց աշակերտ է սովորում: Սա և լավ է, և վատ.«Մի կողմից ձեռնտու է, որ բոլորին հարցնում են դասը: Ինձ համար ձեռնտու է»:
Գյուղի մասին խոսելիս աչքերը փայլում են, գյուղի ամեն ինչն է սիրում.«Նախ, ինձ բնությունն է դուր գալիս, հետո մեր գյուղի տարեկիցները, օրինակ, շատ ընկերասեր են, ինչը ինձ շատ դուր է գալիս, Էլի շատ յուրահատկություններ կան: Մեր դասարանները շատ շուտ են վերանորոգել, հիմա արդեն պատերը կամաց-կամաց փլվում են: Կուզենայի սովորել վերանորոգված ու ժամանակակից դասարաններում, շատ կուզենայի, որ մարզադահլիճ ունենայինք: Շատ կուզենայի, որ ունենայինք ժամանակակից գրատախտակ, որտեղ կգրեինք ոչ թե կավիճով ու կփոշոտվեինք, այլ ՝ ֆլոմաստերներով, որն ավելի հեշտությամբ կջնջեինք: Պատերը մի փոքր ավելի գեղեցիկ լիներ ու չջարդված, հաշված սեղաններ ունենք, որ ջարդված չեն: Մի խոսքով, մեր դպրոցում շատ մինուսներ կան»:
Ապագա բժշկի երազանքը մեկն է՝ այնքան վաստակել, որ կարողանա սիրելի դպրոցը վերանորոգել, կահավորել այն, որպեսզի գոնե իրենից հետո սովորող աշակերտները նորմալ դպրոցում սովորեն:
21-րդ դարում դեռ Հայաստանում դպրոցներ կան, որոնք փայտով են ջեռուցվում, ապակիները կոտրված են, մուտքի դուռը՝ փայտյա ու կիսափակ, իսկ համակարգչային դասարաններ այցելելը հատկապես ձմռանը երազանք է աշակերտների համար:




