Քաղաքական

Ընդդիմադիրների հորդորը՝ «անվստահելի գործընկերներին»

lenabadeyan
Աժ օրակարգում գտնվող «լուրջ» եւ առանցքային հարցերից է համարվում Աժ-ի կանոնակարգ-օրենքի փոփոխությունը: Փաստաթուղթը պետք է համապատասխանեցվի նոր Սահմանադրությանը: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու ուսումնասիրմամբ: Պատրաստի նախագիծը խորհրդարանում պետք է քննարկվի, հավանաբար, դեկտեմբերի վերջին, իսկ նոր դրույթներն արդեն կսկսեն գործել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:

 

Այսօրվա խորհրդարանում կա առնվազն 3 խմբակցություն, որոնց քվեարկությունները չեն արտացոլում կուսակցական սկզբունքները եւ որոշումները: 2012-ին կուսակցական ցուցակներով անցնելով խորհրդարան, պատգամավորներից ոմանք շեղվեցին խմբակցության որդեգրած ուղուց եւ գնացին սեփական ճանապարհով՝ որոշ դեպքերում հիմնելով նաեւ նոր կուսակցություն, բայց պահպանելով մեկ այլ կուսակցության շնորհիվ ստացած պատգամավորական մանդատը, ձեռք բերված ամբիոնն ու անձեռնմխելիությունը:

Այս առումով միմյանց խնդիրները կարող են հասկանալ Բարգավաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես եւ Ժառանգություն խմբակցությունների ղեկավարները: 33 հոգանոց Բարգավաճ Հայաստան խմբակցության գրեթե կեսն արդեն չի ներկայացնում կուսակցությունը, 7 հոգանոց ՀԱԿ-ում երեք պատգամավոր է կուսակցական, 5 հոգանոց Ժառանգությունում՝ մեկը: Այդ մեկը Ժառանգությունից Զարուհի Փոստանջյանն է, ով արդեն հասցրել է բացատրել խմբակցությունում տիրող այսօրվա իրողությունը:

« Ժառանգություն կուսակցությունը Աժ-ում ներկայացնում եմ միայն ես եւ «Ժառանգության» անդամներ այլեւս չկան մեր խմբակցության մեջ: Նրանք ըստ էության բոլորը այս վարչախմբի ներկայացուցիչներն են եւ բազմիցս են իրենց քվեարկություններով ապացուցել»:

2017-ի ընտրություններին ընդառաջ խնդրի անհապաղ լուծման է փորձելու հասնել Բարգավաճ Հայաստանը: Կուսակցության եւ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է՝ կուսակցության սկզբունքներից «երես թեքածները» պետք է մանդատը վայր դնեն:

«Քանի որ խորհրդարանում քննարկվում է Աժ կանոնակարգ-օրենքը, մենք անպայմանորեն առաջարկելու ենք, որ այն պատգամավորները, ովքեր ինչ-ինչ հայացքներով այլեւս չեն կիսում խմբակցության դիրքորոշումը եւ ազատ են իրենց դիրքորոշումներում ընդհանրապես վայր դնեն պատգամավորական մանդատը»:

Հիշեցնենք, որ հատկապես Բարգավաճ Հայաստանի դեպքում խնդիրը շատ սուր է: Այդ կուսակցության քվեներով պատգամավորական մանդատ ունեցողները միայն վերջին շրջանում ստեղծեցին «Ալյանս», «Ռեֆորմիստներ» եւ «Համախմբում» կուսակցությունները:

ԲՀԿ-ին հավատարիմ չմնացածները, ի դեպ՝ պատրաստ են մանդատը վայր դնել միայն մեկ դեպքում՝ երբ այդ մասին ասի անձամբ Գագիկ Ծառուկյանը: Համենայնդեպս, այդպես է հիմնավորում իր դիրքորոշումը նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ համարելով, որ պատգամավորական մանդատն իրեն տվել է հենց այդ գործիչը:

Բանավեճերին վերջ դնելու համար խնդրին անդրադարձել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ Նաիրա Զոհրաբյանը՝ իր հայտարարությամբ:

«Հասկանալի է, որ խոսքը չէր կարող վերաբերել այս խորհրդարանին, որի գործունեությանը մնացել է ընդամենը մի քանի ամիս»,- նշել է կուսակցության մամուլի քարտուղարը: Ամեն դեպքում ԲՀԿ-ն պատրաստվում է Աժ  կանոնակարգ-օրենքի փոփոխությանը:

Փաստաթուղթը պետք է փոխվի եւ համապատասխանեցվի նոր Սահմանադրությանը մինչեւ այս տարեվերջ: Նախագիծը քննարկման կներկայացվի հավանաբար դեկտեմբերի վերջին, իսկ մինչ այս Աժ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ:  Հասկանալի է, որ ԱԺ-ի փոփոխված կանոնակարգ օրենքի դրույթները կսկսեն գործել միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:

Back to top button