

Սեպտեմբերի 18-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության միանգամից 5 մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Սյունիքում և Տավուշում: «Ռադիոլուրը» եղել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներում, որտեղ առաջիկայում կկայանան ընտրություններ, ծանոթացել համայնքների խոշորացման ծրագրի մաս կազմող գյուղերի բնակիչների տրամադրություններին ու ակնկալիքներին:
Սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի խոշորացված համայնքում, որն ընդգրկում է Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան գյուղերը, տեղի կունենան համայնքապետի ընտրություններ։ Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Գորայք համայնքի ղեկավար անկուսակցական Առուստամ Առուստամյանը և Հանրապետական կուսակցության անդամ, ինքնառաջադրված Մանուչար Մկրտչյանը։
Ընտրված ղեկավարի նստավայրը կլինի Գորայքը, որից և կղեկավարվեն Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան գյուղերը։ Սառնակունքը 11 տարի ղեկավարող Մանուչար Մկրտչյանի տեղեկություններով համայնքի բնակիչների թիվը մոտ 420 է: Համայնքների խոշորացումից Սառնակունքի ղեկավարը դրական ակնկալիքներ ունի:
«Գորայք համայնքը խոշոր ֆինանսական միջոցներ ունի, որոնք հավանաբար կուղղվեն նաև մյուս գյուղերի զարգացմանը»,-ասում է համայնքապետը:
Դրականից զատ, Մանուչար Մկրտչյանը համայնքների խոշորացման արդյունքում չի բացառում նաեւ ռիսկերը: Խորհրդային տարիների հենց նույն տարածքի վատ նախադեպն է հիշում, երբ կենտրոնը բարգավաճում էր, իսկ փոքր բնակավայրերը՝ ոչ: Համայնքի բնակիչ Մուրադ Խաչատրյանը սեպտեմբերի 18-ին անպայման կմասնակցի ՏԻՄ ընտրություններին և ընտրություն կկատարի ըստ ազգակցական կապի, թեկնածուներից մեկը մորաքրոջ տղան է, բայց համայնքների խոշորացումից դրական ոչ մի ակնկալիք չունի:
Համայնքների խոշորացման արդյունքում Սյունիքի մարզի ինը գյուղական համայնքներ կմիավորվեն մեկ քաղաքային համայնքի՝ Գորիսին: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրմամբ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը, որը առաջադրված միակ թեկնածուն է:
Ինքնաառաջադրման կարգով իր թեկնածությունն էր ներկայացրել նաև Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, որը ինքնաբացարկ է ներկայացրել: Նշենք, որ Գորիսին միացվող համայնքներից մեկն էլ Խնձորեսկն է, որի ղեկավար Սերյոժա Հայրապետյանի ակնկալիքները դրական են: Տարածքի ամենախոշոր համայնքի ղեկավարը համոզված է, որ թղթաբանության, դպրոցների առոմով խնձորեսկցիները որևէ խնդիր չեն ունենա: Իսկ փաստը, որ Գորիսի ղեկավարի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն գործող քաղաքապետն է Սերյոժա Հայրապետյանն օրինաչափ է համարում:
Ի տարբերություն համայնքապետի՝ Գորիսին միանալու փաստը խնձորեսկցիներն բավականին ծանր են տանում:
«Խնձորեսկը պատմական գյուղ է: Ինչպիսի դեմքեր ենք տվել՝ Սերո Խանզադյան, Սուրեն Այվազյան, Տաթևիկ Սազանդարյան: Էսպիսի գյուղը բռնեն ու տան Գորիսին»,-ըմբոստանում է տարեց խնոձորեսկցին:




