
Հ
Հանրապետության տարբեր մարզերում այս տարի հնագիտական պեղումների շուրջ 20 ծրագիր է իրականացվել: Դաշտային հետազոտության աշխատանքներն այս տարի մեկնարկել են հունիսից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի վերջ: Հետազոտությունները դեռ շարունակվում են, բայց ինչպես նկատել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանն արդեն իսկ կան լուրջ արդյունքներ, որոնք էլ ներկայացրել է հնագետը: Հայտնաբերվել են բրոնզե և քարե դարերին բնորոշ կառույցներ, ինչպես նաև մետաղագործության բացառիկ նմուշներ:
Հնագիտական պեղումների այս տարվա արդյունքներից ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը գոհ է: Դրանցից յուրաքանչյուրը բացառիկ նշանակություն ունեն ինչպես հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի վերակազմության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:
Թեև դաշտային հետազոտության աշխատանքներն այս տարի սկսվել են հունիսից, դեռևս կան արշավախմբեր, որոնք այսօր շարունակում են այդ աշխատանքները: Այս տարվա պեղումներից Պավել Ավետիսյանն առանձնացրեց հատկապես Գեղարոտում իրականացված հետազոտությունները: Հայտնաբերված բրոնզեդարյա կառույցները ոչ միայն դամբարաններ են եղել, այլև ըստ էության ծիսական նշանակություն են ունեցել, նշեց Պավել Ավետիսյանը:
Այս տարի մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Սոլակ-1 հնավայրում: Պեղումները ներկայացնում են Վանի թագավորության շրջանի մի ամրոց-դղյակ, որի հետազոտությունները սկսվել են դեռևս անցյալ տարվանից:
15 օր առաջ էլ ավարտվել են նաև 10 տարի շարունակվող Արամուսի ամրոցի պեղումները: Հետազոտությունները ցույց են տվել, որ գործ ունեք ուրարտական քաղաքակրթության հետքերի հետ, նկատեց ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը: Հետազոտություններն այս տարի իրականացվել են Միջնաբերդի տարածքում:
Այս տարի բավականին լուրջ ձեռքբերումներ են գրանցվել նաև Վիշապ Քարալոթողների և Մարգահովիտի պեղումներում: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանը հայտնեց, որ Մարգահովիտի հուշարձանի վերջին 5 տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն էապես կապված է մետաղագործության հետ:
Հնագետների փոխանցմամբ՝ կարևոր ձեռքբերումներ կան նաև քարե դարի ուսումնասիրության ոլորտում:




