

Հայաստանի 14-րդ վարչապետն այսօր կառավարության առաջին նիստն է անցկացրել: Այս կառավարությունում Կարեն Կարապետյանից բացի, մյուսները դեռ պաշտոնակատարներեն: Կարեն Կարապետյանը նիստն սկսել է հանձնարարականներով, դրանք շարունակվել են նաև նիստի ողջ ընթացքում: Նորանշանակ վարչապետի ուշադրության առանցքում այսօր առաջինը հայտնվել են տնտեսվարողները, կոռուպցիայի դեմ պայքարն ու սոցիալապես անապահով ընտանիքները:
Հարկային ստուգումներն իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում: Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականներից է: Բացի այդ, ՊԵԿ-ում պետք է աշխատեն մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագիծը բացառելու և գործունեության թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ:
« ՊԵԿ-ին հանձնարարել է ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից կարգապահության անվերապահ կատարումը: Կարեն Կարապետյանի հանձնարարականով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին հստակ հանձնարարել է աշխատանքները կատարել՝ առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: Որևիցե ձևակերպում, որիևիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կառավարության հերթական նիստին ներդրումային տարբեր ընկերությունների հարկային արտոնություններ տրամադրելու առաջարկների փաթեթով էր ներկայացել: Համակարգ, որը կհստակեցնի թե արտոնություն ստացած ընկերությունները ինչպես են կատարել տրված խոստումները, պարզվում է չկա, այս մասին պարզ դարձավ Կարեն Կարապետյանի հարցումից հետո: Իսկ չկա, քանի որ այցն ընկերություն դիտվում է որպես միջամտություն տնտեսվարողների աշխատանքին, — էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի դիտարկումն է: Սրան Կարեն Կարապետյանի հստակեցումն է հետևում.
«Ես ուզում եմ հատուկ նշեմ, ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել, ես ՊԵԿ-ին ասել եմ ինքը իր գործառույթը կատարի: Այդ առումով կարող է իմ հանձնարարականը և դիմումը մի քիչ աբսուրդ հնչի, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է ՊԵԿ-ը կատարի»:
2009-ից աշնանից մինչ այժմ ԱԱՀ-ի՝ երեք տարի ժամկետով հետաձգման իրավունքից օգտվել է 65 ընկերություն,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Չնաստանից ջինսե գործվածք նրմուծող ընկերությունը կրկին կառավարությունից հարկային արտոնություն է ակնկալում: Վարչապետի Արծվիկ Մինասյանից հետաքրքրվում է՝ «երբ է ընկերությունը հարկային արտոնություն ստանալու համար դիմել նախարարությանը, — մեկ շաբաթ առաջ,- հնչեց պատասխանը, որին հետևեց Կարեն Կարապետյանի արձագանքը.
«Չեմ հավատում, դուք յոթ հատ ինձ վիզա եք ասել, երբ է դիմել, երբ ենք մենք իրեն արտոնություն տվել: Ինչու չգիտեք: Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է բիզնեսի ձեռք բռնած պետք է գնաք, որ որևիցե մեկն իրենց չխոչընդոտի»:
Ձևակերպված խաղի կանոն ու ամենակարևորը՝ մանրամասն հաշվետվություն վարչապետին, ներդրումային ծրագրերի հարկային արտոնությունների մասին վարչապետի վերջնական հայտարարությունն է: Արծվիկ Մինասյանը հստակեցման համար շնորհակալ է, նաև վստահ՝ իրենց գերատեսչությունում որևէ ներդրող մեկ օր անգամ չի սպասում:
Նորանշանակ վարչապետի ուշադրության կենտրոնում նաև սոցիալապես անապահով ընտանիքներն են: ՀԾԿՀ-ին , էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները համատեղ կքննարկեն ու առաջարկություններ կներկայացնեն՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման շուրջ.
«Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների՝ տրամաբանական, ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար: Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, այս ամենը պետք է արվի ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայություններ են մատուցում»:
Ժամանակավոր կացարաններում տեղ չունենալու դեպքում փախստական դիմումատուին կառավարությունը 20 հազար,իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին 15 հազար ական դրամ կվճարի` յուրաքանչյուր ամիս:
Ի դեպ, Կարեն Կարապետյանը ներկայացվող նախագծերը հակիրճ ներկայացնելու կողմնակից է: Սա մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի՝ Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը շուրջ 7 րոպե ներկայացնելուց հետո պարզ դարձավ:
Կառավարության այսօրվա նիստն ավարտվեց Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակավոր անդամներին ուղղված բարեմաղթանքով.«Ձեզ բարի տրամադրություն»:




