Հասարակություն

Սարուխանցի աշխատանքային միգրանտները

satikisahakyan
Գեղարքունիքի մարզի աշխատանքային առաջին միգրանտները սարուխանցներն են: Ռուսաստանում և Խորհրդային միության այլ հանրապետություններում  նրանք մարզից առաջին աշխատանքի մեկնողներն են եղել դեռ 1957 թվականից: Խոպան գնալը հիմա էլ է արդիական Սարուխանում:  Համայնքի ղեկավարը ունի սրա բացատրությունը՝ գյուղացիները քիչ հողակտորներ ունեն, մեկ հողաբաժինը կազմում է 2700 քմ: Ներկայում արտագնա աշխատանքի մեկնելը ձեռնտու չէ խոպանչիների համար, աշխատանք չկա, ռուբլին էլ արժեզրկվել է:

 

«Սարուխանը խոպանչիների գյուղ է, իրենք շուտվանից  են բռնել խոպանի ճամփեն»,- ասում են գավառցիները ՝մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղը: Բոլշևիկ հեղափոխական Հովհաննես Սարուխանյանի անունը կրող գյուղում բնակչության 90 տոկոսը   ապրուստը հայթայթում է Ռուսաստանում աշխատած միջոցներով: Սարուխանցիներն արտագնա աշխատանքի են մեկնել դեռ 1957 թվականից: Գյուղամիջում զրույց անող տարեցները նախկին խոպանչիներն են, որոնք  տարվա մեծ մասն  անցկացրել են Ռուսաստանում, հիմա էլ ծերությունը վայելում են հարազատ գյուղում:

75-ամյա Վոլոդյա Գասպարյանը  նրանցից մեկն է. «Ես 37 տարի Ռուսաստանում ու Կազախստանում եմ աշխատել, շատ լավ էր»:

Սարուխանը մարզի միգրացիոն ամենամեծ հոսքեր ունեցող համայնքներից մեկն է, որտեղ տան այրերը միայն ձմռանն են լինում հարազատ օջախում: Արտագնա աշխատանքի  մեկնելով տուն  են կառուցել, ընտանիքի հոգսերը՝ հոգացել: «Որ խոպանը չլներ ,ստեղով ինչ պտի անեինք մենք, հացի փող էլ չէինք կանա վատակենիք»,- ասում է Վոլոդյա պապը:

Սովորույթի ուժով արտագնա աշխատանքի մեկնող հայրեր-որդիներ շղթայական կապը ընդլայնվում է:  Մեր օրերում էլ խոպանը  շարունակում է մնալ ընտանիքիների պառակտման առանցք: Պատճառը նույնն է՝ սոցիալան վատ պայմանները, աշխատանքի բացակայությունը, ցածր վարձատրությունը:  Վաստակաշատ խոպանչին՝ Վոլոդյա Գասպարյանը,  ծերության շրջանում դարձյալ ապրում է ընտանիքից անջատված, սակայն այս անգամ  տեղերն են փոխվել, ինքը գյուղում՝ տան սյունը պահող կնոջ հետ, զավակները՝ Ռուսաստանում:

Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գևորգյանը տեղեկացրեց, որ աշխատանքային միգրանտները հիմա կարճ ժամանակով են մեկնում, նրանք անպայման վերդառնում են:  Ձմռանը վերադառնում են նաև ընտանիքներով գնացածները: Համայնքի ղեկավարը թվարկում է աշխատանքային միգրացիա պատճառները՝ հող չունենք, մեկ հողաբաժինը 2700 քմ է, գյուղի 1000 հա վարելահողը բաժանվել է 16000 մասի, սեփականաշնորհման իրավունք էլ չունենք մեր հողատարածությունը:

Ընդհանուր առմամբ աշխատանքային միգրացիան նույն հիմքերն ունի, աշխարհագրությունն է տարբեր: Սարուխանում որոշակի աշխատատեղեր կան, գործում է 3 դպրոց, երկու մանկապարտեզ, արվեստի դպրոց,  մշակույթի տուն, կաթի ընդունման կետ, եվրոդռների ու պատահաների պատրաստման  փոքր ձեռնարկություն, մի քանի խանութներ, որտեղ օրվա առևտուրը կազմակերպվում է պարտքով: Գյուղի ամենահին և ամենաառաջին խանութը, որը կառուցվել է 1936թվականին, մինչև օրս էլ առանց փոփոխության ծառայում է իր նպատակին: Խանութի դարակները լիքն էին, վաճառողը պատճառաբանեց՝ առնող չկա, առաջ ձեթ ու  մակարոն վաճառվում էր, հիմա՝ չէ:«Խանութի պարտքը 1 մլն 600 հազար դրամ է, տարիների կուտակված պարտք: Չէ, շատ վատա վիճակը, խոպան  գնացել են մինչև հիմա դրսից փող չի եկել: Եթե փող լինի, շարժ կլինի, ոնց էլ լինի, երեխի տեր են», — ասաց խանութպանը:

ՌԴ -ում արդեն մի քանի տարի առկա տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների վրա: Սարուխանցիները հիմնականում մեկնում են   ՌԴ Նիժնի նովգորոդ և  Չելյաբինսկ քաղաքներ, աշխատում են նաև Ղազախստանում: Զրուցակից կանանցից մեկը նեղսրտեց՝ աշխատանք չկա ոչ Ռուսաստանում, ոչ էլ՝ Կազախստանում, մերոնք   էսա մի քանի ամիս գնացել են, պարապ նստուկ են, չեն աշխատում: Աշխատեն, չաշխատեն, օգուտ չկա, ռուբլին արժեզրկվելա, աշխատածն էլ՝ հեչա:

Ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը ավելի է խորացրել  աշխատանքային միգրանտների ընտանիքների սոցիալական առկա  խնդիրը:  Ռուբլին արժեզրկզվել է,  Ռուսաստանից եկող  դրամական փոխանցումները՝ նվազել:  ՀՀ Կենտրոնական բանկը չի ժխտում: ԿԲ-ի  երկրորդ եռամսյակի ամփոփ հաշվետվությունում ասվում է, որ ՌԴ-ից փոխանցվող դրամական միջոցների նվազումը և ներքին տնտեսությունում նկատվող թույլ ներդրումային ակտիվությունը 2016 թվականի երկրորդ եռամսյակում բացասաբար է անդրադարձել մասնավոր հատվածում իրականացվող ծախսումների վրա:

Սարուխանում  խանութի պարտքերն ու հողի հարկ ու տուրքերը մարվում են ձմռանը, երբ խոպանչիները վերադառնում են տուն:

«Գալիս են, բերում, չեմ ասի թե չեն բերում, բայց իրանք տոնսերը  պարտքով վերցնում, եթում են խոպան, մեր գյուղն էլ  ծախսող են, էնենց չէ, որ յոլա եթան, ամեն մի առիթ լավ, նորմալ նշում են»,- ներկայացրեց խանութպանը:

Առիթները պատվախնդրորեն նշող սարուխանցիները գարնանը դարձյալ սպասում ՌԴ-ի գործատուի  արձագանքին:

Back to top button