Էդվարդ Նալբանդյանն ընդունելէ Չինաստանի դեսպանին
Սեպտեմբերի 14-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի արտգործնախարության նոր շենքի տեխնիկական հագեցման նպատակով տրամադրված կարևոր օժանդակության համար:
Այս կապակցությամբ ԱԳՆ-ում կազմակերպված արարողության ընթացքում նա նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ին տրամադրած օժանդակությունը երկու երկրների միջև ջերմ, բարեկամական հարաբերությունների հերթական վկայությունն է, և դեսպանին է փոխանցել Չինաստանի արտգործնախարար Վան Իին ուղղված շնորհակալական նամակը:
Դեսպան Ըրլունն իր հերթին ընդգծել է, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և պատրաստ է շարունակել աջակցությունը բարեկամ երկրի զարգացմանը:
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու պետությունների միջև սերտ բարեկամական փոխգործակցությունը, քննարկվել են Հայաստանի և Չինաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-չինական օրակարգի բազմաթիվ հարցեր: Էդվարդ Նալբանդյանը կարևորել է
Չինաստանի դեսպանի անձնական շարունակական ջանքերը՝ հայ-չինական համագործակցության խորացման ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Թիեն Ըրլունն անդրադարձել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը: