Հասարակություն

Հիմնանորոգվել է Լոռու մարզի տասը համայնքներն իրար կապող ավտոճանապարհը

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում»
վարկային ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` ավարտվել են
Լոռու մարզի Ագարակ — Յաղդան — Կողես — Մղարթ — Արևածագ — Կարմիր Աղեկ —
Ծաթեր — Այգեհատ — Արդվի — Օձուն ավտոճանապարհի հիմնանորոգման
աշխատանքները:

Անդրադառնալով հիմնանորոգված ճանապարհին` ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը
նշեց, որ այն ռազմավարական կարևոր  նշանակություն ունի։

Հիմնանորոգված ճանապարհահատվածը Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի
սահման (Մ-3) միջպետական նշանակության ավտոճանապարհը կապում է
Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների համայնքների,  միջպետական
նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  (Մ-6) ավտոճանապարհի,
ինչպես նաև Ստեփանավան և Ալավերդի քաղաքների հետ։

«Ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 39,6 կմ: Այս ծրագրով
հիմնանորոգվել է տասը համայնք միմյանց կապող ճանապարհը: Ներդրվել է գրեթե 3
միլիարդ 476 միլիոն դրամ: Ճանապարհահատվածի հիմնանորոգումը բաժանված է եղել
հինգ հատվածների։ Շինարարությունն իրականացրել են  «Ճանապարհ», «Արգիշտի-1»
և «Խաչհար» ընկերությունները, իսկ  տեխնիկական հսկողությունը՝ գերմանական
«Կոքս Քոնսալթ» ընկերությունը:  Այսօր ունենք շատ գեղեցիկ ճանապարհ և,
կարծում եմ, որ այն 15 տարուց ավելի կծառայի մեր բնակչությանը», — նշեց Է.
Սարգսյանը:

Գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի
ղեկավար Կնուտ Մյուլլերը նույնպես ընդգծեց, որ ճանապարհահատվածի
հիմնանորոգման աշխատանքները բարձր մակարդակով են արված:

«Մենք, իսկապես, պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր շինարարներին,
ովքեր կառուցեցին այս ճանապարհները, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարությանը:  Այսօր ոչ միայն ուրախ ենք, այլ նաև հպարտ, որ մասն ենք
կազմել այս աշխատանքների իրականացման: Ուզում եմ բոլորին շնորհակալություն
հայտնել գեղեցիկ համագործակցության համար», — ասաց Կ. Մյուլլերը:

Գերմանացի մասնագետի դիտարկմամբ` բնակչության համար շատ կարևոր գործ է
արվել. «Շինարարության ընթացքում բազմիցս այստեղ եղել եմ և հիմա նկատում եմ
տարբերությունը: Երթևեկությունն աշխուժացել է, նույնիսկ մի քանի խանութներ
նկատեցի, որոնք նոր են բացվել: Այնպես որ՝ ճանապարհի կառուցումը նպաստել է
համայնքների կյանքի որակի բարելավմանը»:

Համայնքներում ճանապարհահատվածի հիմնանորոգումը պարզապես հրաշք են
համարում:

«Նման հրաշք ոչ մի անգամ չէր եղել, որովհետև սա երկար սպասված գործ էր,
որը մի քիչ անհավատալի էր, բայց այսօր մեզ համար դարձավ իրողություն:
Գյուղացու համար ճանապարհն անհրաժեշտություն է, որպեսզի կարողանա իր
արտադրած բերքն ու բարիքը շուկա հասցնել: Իսկ հիմա մենք շուկա չենք տանում,
արդեն շուկայից են գալիս մեր արտադրանքը տանելու», — անկեղծացավ Ագարակ
համայնքի ղեկավար Ռուբեն Բարխուդարյանը` հիշեցնելով, որ դեռ 90-ական
թվականներից այս ճանապարհն ուղղակի անանցանելի էր:

Ասվածը փաստեց նաև Արևածագ համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը. «Նախկինում
ճանապարհ չենք ունեցել, դաշտերով ենք երթևեկել։ Այս ճանապարհը շատ վատ
վիճակում էր: Ճանապարհի վերանորոգումը մեզ համար երազանք էր,
չպատկերացնելու բան էր, որ ստացվեց: Սա մեր գյուղի համար մեծ նշանակություն
ունի, գյուղի փողոցները դարձել են երթևեկելի: Մեր արտադրանքը արդեն
կարողանում ենք արտահանենք»:

Ծաթեր համայնքի ղեկավար Բագրատ Ղալայանն էլ նշեց, որ նախկինում ճանապարհն
այնքան վատն էր, որ նույնիսկ շտապօգնություն չէր գալիս. «Հիմա արդեն շարժը
կա, շտապ օգնությունն էլ է գալիս-գնում: Ժողովուրդն էլ գոհ և շնորհակալ
են»:

Արդյունքներից գոհ են նաև վարորդները: «Շատ գոհ ենք, առաջ եթե մեկը
հիվանդանում էր, մինչև Ալավերդի էինք հասցնում մի ժամ տևում էր, հետն էլ
մեքենաները շարքից դուրս էին գալիս, հիմա 15 րոպեում գնում-գալիս ենք:
Ճանապարհը ժամանակին գրեթե   անանցանելի էր: Կարելի էր այստեղ մրցումներ
անցկացնել վատ ճանապարհների մասով: Հիմա շատ լավ է, շատ գոհ ենք,
աշխատանքները շատ լավ են կատարվել»,- ասաց Արևածագի բնակիչ, վարորդ Կարեն
Մելիքսեթյանը:

Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արդվի, Այգեհատ և Մղարթ համայնքներում
ճանապարհաշինական աշխատանքներ իրականացրած «Ճանապարհ» ընկերության գլխավոր
տնօրեն Էդուարդ Բեզոյանը վստահեցրեց, որ այն, ինչ պահանջվում էր ճանապարհի
հիմնանորոգման համար, բոլորն արված է. «Մայթերով, ջրահեռացման համակարգով
ամբողջությամբ աշխատանքներն ավարտել ենք: Բացի այդ, 6 կմ երկարությամբ այս
ճանապարհահատվածում լրացուցիչ իրականացրել ենք նաև մակերեսային մշակում,
որպեսզի երկարացնենք ճանապարհի ծածկի երկարակեցությունը: Այդ ընթացքում
կատարվել են հողային աշխատանքներ, արհեստական կառուցվածքներ են ապահովվել,
գյուղատնտեսական մեքենաների համար 7 տեղ անցումներ ենք կառուցվել»:

Ի դեպ, ընդառաջելով Լոռու մարզպետի, համայնքների ղեկավարների և
բնակչության խնդրանքներին` նախատեսված ավազակոպճային ծածկի փոխարեն,
Արևածագ-Ծաթեր ճանապարհահատվածում 2,1 կմ ճանապարհահատվածն ասֆալտապատվել
է: Ըստ կապալառու ընկերության ղեկավարի՝ այն հաջողվել է իրականացնել
նախագծային փոփոխությունների  և  նոր տեխնոլոգիայի կիրառմամբ`  լրացուցիչ
տնտեսումների հաշվին:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 14-ից մեկնարկել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի
սահման ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհի
վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցների
ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա
բնակավայրեր կիրականացվի արդեն իսկ հիմնանորոգված Վանաձոր — Ստեփանավան —
Ագարակ — Կողես — Այգեհատ — Օձուն — Ալավերդի — Վրաստանի սահման և Վանաձոր
— Դսեղ — Մարց — Թումանյան ճանապարհահատվածներով:

Back to top button