Քաղաքական

ՀՀԿ-ի համար անհրաժեշտ է տեսանելի հաջողություններ արձանագրել. Գառնիկ Իսագուլյան

hasmikdilanyan
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ վարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, ով մի շարք պաշտոններ  է զբաղեցրել, այդ թվում նաև՝ Երևանի քաղաքապետի: «Ես կարծում եմ, սա այն մեսիջն էր,  թե իշխանության ներկայացուցիչներին,  թե քաղաքական ուժերին, թե նաև իշխող կուսակցությանը, որ փոփոխությունների հետ կապված հայտարարությունները հենց այնպես չեն»,- հայտարարում է Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

 

2016թ սեպտեմբերի 13-ին նշանակվեց Հայաստանի երրորդ հանրապետության 14-րդ վարչապետը: 13-րդ վարչապետը՝   Հովիկ Աբրահամյանն էլ էր  նշանակվել 13-ին, միայն թե  2014թ ապրիլի 13-ին:   Շուրջ 2,5 տարի անց ՝ սեպտեմբերի 8-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց վարչապետի՝  պաշտոնից հեռանալու իր որոշման մասին:

Նույն օրը  ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Արդեն երեկոյան  ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահը  հայտարարեց  նոր վարչապետի թեկնածուի անունը: «Մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է  կայացրել  ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն  Վիլենի Կարապետյանի թեկնածությունը առաջադրելու մասին»:

Կարեն Կարապետյանը ծնվել է Ստեփանակերտում, բարձրագույն կրթություն ստացել Երևանում: Աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում: 2001-2010թթ. զբաղեցրել է  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենի պաշտոնը, 2009թ.- ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

2010-ին  Կարեն Կարապետյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:  Քաղաքապետ Կարեն Կարապետյանը  ՝ ապամոնտաժեց կենտրոնի անօրինական տաղավարներն ու կրպակները, մանկապարտեզները  դարձրեց անվճար, դպրոցի ու բուհերի դասաժամերը փոխեց:  Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում  Երևանում  մետրոյի ուղեվարձը կրկնակի բարձրացավ՝ 50 դրամից  դառնալով  100 դրամ:

Դե իսկ, Կարեն Կարապետյանից  ամենահիշվող արտահայտությունը հետևյալն է՝  «Ես սիրում եմ, դրա համար կօգտագործեմ՝  «Դրայվ» ունեմ քաղաքի կառավարման համար, դա փաստ է»:

Կլինի արդյո՞ք նույն  «Դրայվը»  տնտեսության կառավարման համար, դեռ պարզ չէ, հստակ է, որ  ընդամենը մի քանի ժամ առաջ Կարեն Կարապետյանը  նշանակվեց  ՀՀ վարչապետի պաշտոնում:

Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ  Գառնիկ Իսագուլյանը   հիշեցնում է ՝ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահը հայտարարեց ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին, գործընթացը կարելի է  այդ օրվանից սկսված համարել: Շատ հստակ հայտարարվել է՝  փոփոխությունները տեղի են ունենալու իշխանական համակարգի բոլոր ինստիտուտներում՝   նախագահի աշխատակազմից սկսած :

«Ես կարծում եմ, սա այն մեսիջն էր,  թե իշխանության ենրկայացուցիչներին, թե քաղաքական ուժերին, թե նաև իշխող կուսակցությանը, որ փոփոխությունների հետ կապված հայտարարությունները հենց այնպես չեն: Մեկ շաբաթ առաջ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը և այսօր այդ պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանը: Օգտվելով  առիթից շնորհավորում եմ»:

Իսագուլյանի խոսքով,  Հայաստանում  սոցիալական վիճակը ծանր է, տնտեսական զարգացման ցուցանիշերը  բավարար չեն: Առջևում  ընտրական գործընթացներ են,  և ընտրություններին ընդառաջ ՝ հատկապես իշխող քաղաքական ուժի համար շատ կարևոր ու անհրաժեշտ է տեսանելի հաջողություններ արձանագրել՝ հետագայում ժողովրդի քվեն ստանալու հույս ունենալու համար,- ընդգծում է Գառնիկ Իսագուլյանը՝ միաժամանակ չմոռանալով՝  փոփոխությունները պետք է ուղղված լինեն  պետության առջև ծառացած խնդիրների   լուծմանը ու հատկապես  Արցախի հիմնահարցի լուծմանը:

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահը  կարևորում է  ներքաղաքական կյանքում լարվածության  թուլացումը: Իսկ սրա համար լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ:

«Ես ներքին համոզվածություն  ունեմ, որ այս փոփոխությունները չեն լինելու նախկին փոփոխությունների նման, երբ համակարգի մեջ էր  փոփոխություններ տեղի ունենում,  երբ մի անձը փոխարինվում էր նույն համակարգում եղած մեկ այլ անձով, որոնց միջև ձևավորվել էր ոչ միայն  քավոր-սանիկական հարաբերություններ,  նաև՝  բիզնես ու տնտեսական կապեր, որոնք լուրջ խոչընդոտում էին, որպեսզի  համակարգը  էֆեկտիվ աշխատեր»:

Վարչապետի նշանակումից  հետո 20-օրյա ժամկետում  կձևավորվի նոր կառավարությունը, որից հետո գործադիր մարմինը խորհրդարանին կներկայացնի   գործունեության  իր ծրագիրը:

Back to top button