Հասարակություն

Մայրենիի դասագրքերը ոչ թե լեզու, այլ քերականություն են սովորեցնում.լեզվաբան

sonahakobyan
Լեզվական խնդիրներին և դպրոցական դասագրքերում մայրենիի առաջադրանքներին է «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադարձել լեզվաբան Դավիթ Գյուջինյանը: Նա նկատել է, որ շրջանավարտների աղքատ բառապաշարն ու քերականական բազմաթիվ սխալները մեր այսօրվա դասագրքերի և կրթական ծրագրի հետևանքն են: Արդյոք այն ինչ դասավանդում են մայրենիի դասաժամերին և դասագրքերը, որոնցով սովորում են մայրենի լեզուն, ծառայում է նպատակին: Մեր թղթակիցը նաև տարրական դպրոցի աշակերտների և նրանց ծնողների հետ է զրուցել և պարզել, որ շատ առաջադրանքներ անգամ ծնողների համար են անհաղթահարելի:

 

3-րդ դասարանում սովորող Մերին դպրոցում աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ: Տնային առաջադրանքները կատարելիս էլ հազվադեպ է դիմում ծնողների օգնությանը: Եթե դժվարանում է, ապա տանը գիտեն՝ կամ դասագրքի առաջադրանքն է ոչ հասկանալի ձևակերպված կամ էլ ուսուցիչն է թերացել դասը բացատրելիս: Նման խնդիրներ Մերին ունենում է հիմնականում մայրենիի առաջադրանքները կատարելիս: «Ռադիոլուրի» հետ զրույցում մի օրինակ բերեց.

«Որքան փնտրեցինք հաստաբուն բառի հականիշը չկարողացանք գտնել»:

Պարզվում է այս առաջադրանքը նաև տատիկին է մտորելու առիթ տվել: Անգամ ծանոթ մասնագետների է զանգահարել, պարզելու համար թե որն է «հաստաբուն»-ի հականիշը: Ըստ էության նկատի են ունեցել «հաստ» բառի հականիշը, ասում է:

«Տպավորություն է ստեղծվում, թե ստուգում են ոչ թե աշակերտների, այլ նրանց ծնողների գիտելիքները»:

Այսօրվա դասագրքերն և դասավանդման մակարդակը շատ է մտահոգում նաև լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին: Աղքատ բառապաշարն ու քերականական բազմաթիվ սխալները մեր այսօրվա դասագրքերի և կրթական ծրագրի հետևանքն են, ասում է:

Դպրոցի դժբախտություններից մեկն էլ այն է, որ տարրական դասարանների  աշակերտների ծնողներին թվում է, թե այդ հանձնարարությունն իրենց է ուղղված: Այս խնդիրը հատկապես ընդգծվում է շարադրություն գրելիս:

Լեզվաբանն այստեղ նաև մանկավարժի հմտություններն է կարևորում: Ի վերջո՝ ուսուցիչն ինքն էլ պետք է դասաժամի ընթացքում ստեղծագործի և չկառչի բացառապես դասագրքի առաջադրանքներից: Թեև քիչ չեն նաև դեպքերը, երբ ուսուցիչը առաջադրանք է հանձնարարում առնանց դասը բացատրելու, իսկ նման դեպքերում բնական է, որ երեխան պետք է չհասկանա առաջադրանքը, դիմի ծնողներին և հաջորդ դասին գնա, դեռ նախորդը չյուրացրած:

Դավիթ Գյուրջինյանն, իհարկե, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է այս ամենի մասին: «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեց՝  իրավիճակը կփոխի բացառապես արմատական բարեփոխումը և ոչ միայն դասագրքերում, այլև կրթական  ծրագրերում:

Back to top button