Հանրապետության նախագահը երեկ ընդունեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը: Նոր վարչապետի թեկնածուն հայտնի է, սակայն պաշտոնական նշանակում առայժմ չկա: Ըստ Սահմանադրության՝ հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում, իսկ նոր կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո քսան օրվա ընթացքում: Դրանից հետո արդեն գործադիրը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը: ԱԺ-ում կառավարության ծրագրի մասին առայժմ չեն խոսում ու դեռ գնահատում են փոփոխությունն ու դրա հնարավոր արդյունքները: Վարչապետի փոփոխությամբ երկրում նոր փոփոխությունների սկիզբ է դրվելու՝ համոզված են իշխող քաղաքական ուժերը: Խորհրդարանական փոքրամասնության ակնկալիքներն ավելի համեստ են:
Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը կդառնա այս գումարման խորհրդարանում քննարկված չորրորդ ծրագիրը: Երկու ծրագիր այս Ազգային ժողովին ներկայացրել է Տիգրան Սարգսյանը, մեկը՝ Հովիկ Աբրահամյանը, չորրորդ արդեն կներկայացնի Կարեն Կարապետյանի կառավարությունը:
Ազգային ժողովում նոր կառավարության նոր ծրագիրն առայժմ թիվ մեկ թեման չէ: Մինչ դրան հասնելը խորհրդարանում դեռ փորձում են հասկանալ, թե ինչ խնդիր կլուծի վարչապետի ու կառավարության փոփոխությունը:
Նոր վարչապետով՝ արագ քայլեր ու հանրությանը տեսանելի փոփոխություններ. այսպես է բանաձևում իշխող կուսակցության ակնկալիքը ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ հանրապետականն այլընտրանք չի տեսնում: «Այլընտրանք չկա: Եթե մենք չկարողանանանք այդ փոփոխությունները հասարակությանը զգացնել տալ, նշանակում է մեր իշխանությունը մտածելու բան ունի»:
Առջևում խորհրդարանական ընտրություններն են ու իշխող քաղաքական ուժը չի հերքում, որ փոփոխություններն անհրաժեշտ են հենց ընտրությունների պարտադրանքով: Ավելին՝ Վահրամ Բաղդասարյանն անգամ ասում է՝ եթե փոփոխություններ լինեն էլ, դրանք դեռ բավարար երաշխիք չեն: «Նույնիսկ փոփոխությունների դեպքում պետք չէ վստահ լինել, որ կընտրվենք: Իրավիճակ է փոխվել: Ասել, թե անհանգստություն չունենք, սխալ կլինի»:
Որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ հասարակությանը տեսանելի փոփոխություններ իրականացնել ու այդ կերպ, ինչու չէ, բարձրացնել նաև սեփական վարկանիշը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում: Ասում է՝ արդեն լավ է։ «Հասկացել են, որ իրավիճակը փոխվել է, և եթե ուզում են պահպանել իրենց վարկանիշը, պետք է քայլեր ձեռնարկեն։ Ի՞նչ վատ բան կա սրա մեջ: Այս անգամ այդ փոփոխություններն իսկապես պիտի բովանդակություն ունենան ու սրա մասին հիմա բոլորն են խոսում»:
Այս անգամ, անձերի փոփոխությունից զատ, պետք է փոխվի նաև բովանդակությունը ՝ խաղի կանոնները, ներիշխանական հարաբերությունները՝ ասում է Արմեն Ռուստամյանը: Դրա հնարավորությունը, ըստ նրա, կա. սահմանադրական բարեփոխումները, որ ամբողջ ծավալով սկսելու են գործել 2017-ից, ապահովելու են այդ փոփոխության համար անհրաժեշտ հիմքը:
Ի դեպ, կաբինետում ունեցած 3 պորտֆելները կորցնելը ՀՅԴ- ն հնարավոր չի համարում, իսկ կավելանա այդ թիվը, թե՝ ոչ Արմեն Ռուստամյանը չգիտի: Համենայն դեպս՝ արձանագրում է, որ ՀՀԿ- ՀՅԴ համագործակցությունը երկարաժամկետ հեռանկարով է կազմվել:
Իսկ ահա ՕԵԿ-ը նոր կառավարության կազմում մասնակցության ակնկալիքներ չունի: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասում է՝ իրենք այնքան կարճամիտ չեն, որ ընտրություններից 6 ամիս առաջ նոր խաղի մեջ մտնեն: «Վեց ամիս հետո երկրում նոր փոփոխություններ են լինելու, նոր կառավարություն է ձևավորվելու, և կարճամտություն կլինի այս կարճ ճանապարհը մտնելը»:
Ի դեպ, կոալիցիայից ՕԵԿ-ը դուրս եկավ, երբ վարչապետի պաշտոնը 2014-ին ստանձնեց Հովիկ Աբրահամյանը: ՕԵԿ-ն այն ժամանակ իր հեռացումը իշխանությունից հիմնավորեց փոփոխությունների իրական կամք չտեսնելով: Հիմա խմբակցության ղեկավարն ասում է, որ իրենց հիմնավորումը փաստորեն արդարացված էր: Իսկ ի՞նչ են ակնկալում Կարեն Կարապետյանի կառավարումից: «Ես Կարեն Կարապետյանի աշխատանքը չեմ կարող գնահատել, կարող եմ միայն հույս ունենալ, որ ամեն ինչ լավ լինի»:
Ի դեպ, ՀՀԿ-ում չեն բացառում, որ Կարեն Կարապետյանը կարող է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո: «Ոչինչ բացառված չէ՝ ասում է Վահրամ Բաղդասարյանը: Մեր հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի հետ երկարաժամկետ համագործակցության պլաններ ունի, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե ինչպես նա կաշխատի: Իսկ ո՞վ է ասել, որ մենք ներկայիս կառավարության հետ երկարաժամկետ ծրագրեր չենք ունեցել: Ես չեմ ցանկանում նախօրոք գնահատականներ տալ: Կաշխատի 6 ամիս, 1 տարի, գնահատականները կտանք: Եթե արդյունքները գոհացնող լինեն, մենք ինքներս կխնդրենք, որպեսզի շարունակենք միասին աշխատել»: