ԿարևորՏնտեսական

Ինչ խոստացավ եւ ինչ արեց Հովիկ Աբրահամյանը 2,5 տարում

hasmikdilanyan

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից  արդեն նախկին վարչապետ  Հովիկ  Աբրահամյանը տվեց մի շարք խոստումներ՝ պայքար մենաշնորհների դեմ, հավասար մրցակցային պայմաններ, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում, աղքատության նվազում  և ոչ միայն։ Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանն աշխատեց  շուրջ  2,5 տարի: Տնտեսագետների օգնությամբ «Ռադիոլուրը» փորձել է պարզե, թե խոստումների քանի տոկոսն է իրականություն դարձել, տնտեսական ինչ զարգացումներ են ունեցել  անցած տարիների ընթացքում:

 

2014թ  ապրիլի  13-ին  Հովիկ Աբրահամյանը  նշանակվեց Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետը: Նա պաշտոնն ստանձնեց, երբ քաղաքացիական հասարակությունը պայքարում էր  կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Նախ, կասեցվեց պարտադիր բաղադրիչի կիրառումը, հետո արդեն խորհրդարանական ամբիոնից հնչեց  Հովիկ Աբրահամյանի հայտնի արտահայտությունը, «Մենք ունենալու ենք հստակ տեսակետ, այնպես ենք անելու, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

Պարտադիր, թե՝ պարտադրված, պարզ չէ, սակայն, հստակ է՝  պետական համակարգում աշխատող քաղաքացիների համար կենսաթոշակային բարեփոխումների կուտակային բաղադրիչը պարտադիր է։

Պայքար մենաշնորհների դեմ.  2014-ի մայիսին Հովիկ Աբրահամյանն առանց ԶԼՄ-ների բաց ու անկեղծ զրույց ունեցավ խոշոր գործարարների հետ, նրանց հորդորեց, առաջարկեց ստվերից դուրս գալ ու օրինական դաշտ տեղափոխվել:  «Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ»,- ասաց:

Այսօր արդեն, երբ ձևավորվելու է նորանկախ Հայաստանի 14-րդ կառավարությունը, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից փորձեցինք պարզել՝ քանի խոշոր  գործարար 2,5 տարվա ընթացքում դուրս եկավ ստվերից, որքան կրճատվեց ստվերը: Խոշորներին տրվեցին ավելի շատ հարկային արտոնություններ՝ ԱԱՀ-ի գծով, քան նրանք ստվերից դուրս եկան՝ ընդգծեց տնտեսագետը։

Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում  մինչև 65  հազար դրամ, աղքատության  10 տոկոս նվազում, տարեկան 5 տոկոս տնտեսական աճ : 13-րդ կառավարության գործունեության  ծրագրում  նշված  էին նաև  այս   դրույթները:

Այսօր էլ՝ 2014թ ապրիլից շուրջ 2,5 տարի անց, տնտեսագետ  Վիլեն Խաչատրյանի խոսքով, Հայաստանի բնակչության 1/3-ն  աղքատ է,  գործազրկության խնդիրը  մնում է  չլուծված։  Նախորդ  կառավարությունը միակն էր, որ ստիպված եղավ  բյուջեի եկամուտները նվազեցնել մոտ 8 մլրդ դրամով,  2,3 տոկոս պակասուրդի խոստումը իրականություն չդարձավ, այն արդեն 4 տոկոսից ավելի է, պետական պարտքն աճեց մոտ 1 մլրդ ԱՄՆ  դոլարով՝ ասում է տնտեսագետը:

2015-ին ներմուծումը  կրճատվել է 1 մլրդ 170 մլն դոլարով, իսկ սա նշանակում է, որ   յուրաքանչյուր ամիս հայ սպառողները 100 մլն դոլարով ավելի քիչ  ներմուծվող    ապրանք են  սպառել։

Տնտեսագետ, «Այլընտրանք»  հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը ևս նկատում է՝ բազմաթիվ խնդիրներ մնացել են անկատար, սակայն դա չի նսեմացնում արված քայլերը: Մանասերյանի՝ երկու տասնամյակ հնչեցրած սահմանամերձ համայնքներում ազատ գոտիների կարգավիճակի  հարցն ի վերջո կյանքի կոչվեց Հովիկ Աբրահամյանի  վարչապետության շրջանում: Հիշեցնենք, 2015թ հունվարի 1- ից ՀՀ սահմանամերձ 32 համայնքներում բիզնես գործունեություն ծավալողները ազատվում են բոլոր հարկերից՝ բացառությամբ եկամտահարկից:

Միայն թե դեռ  ներդրողներ չեն այցելել համայնքներ ու գործարաններ չեն հիմնվել՝ բացառությամբ «Տավուշ Տեքստիլ» ընկերության: «Նախաձեռնությունը լուրջ քայլ է, բայց ոչ բավարար»,- ասում է զրուցակիցս։ «Կառավարությունը պետք է մեծ ծավալով PR իրականացնի՝ մեծ ծավալով ներդրողներ բերելու այդ համայնքները: Եվ առաջին հերթին տեղեկացնելու այդ գործարարներին, որ նախկին այդ գյուղի բնակիչներն են, որոնք այսօր կարող են լինել ՌԴ-ում կամ հեռավոր արտերկրում, բայց տեղյակ չեն, որ կունենան արտոնություններ՝  այնտեղ ներդրումներ անելու համար»։

Թաթուլ Մանասերյանը նաև շրջանառության հարկի շեմի նվազեցումն է մատնանշում՝  3, 5-ից այն դարձավ 1 տոկոս  ՓՄՁ-ի  համար: Սա էլ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու  նպատակով:  Տնտեսագիտական միտքն անտեսված է, նոր կառավարության գործունեությունը  քայլ առաջ պետք է լինի։

Ընտանեկան բիզնեսի աջակցության գործընթացը սկսվեց, սակայն  շեշտը չդրվեց հենց փոքրի վրա: Պետք է  ի վերջո տարբերակել՝ փոքր բիզնեսն ունի իր, միջինն էլ իր խնդիրները: Ինքնազբաղվածների ինստիտուտի զարգացումը պետք է խրախուսվի։ «Պետությունը պետք է  փորձի  չխոչընդոտել  ինքնազբաղվածությանը, մեզանում բազմաթիվ գաղափարներ կան՝ գործարարությամբ զբաղվելու: Մենք տեսնում ենք, երբ նրանց խոչընդոտները շատանում են, մարդիկ ստիպված մեկնում են արտերկիր և այնտեղ են իրացնում այդ գաղափարները: Պետք է ամեն կերպ աջակցել կամ գոնե չխանգարել մարդկանց գաղափարների իրացմանը»:

Մատնանշելով ձեռքբերումները՝ տնտեսագետը նաև խնդիրներն է առանձնացնում : Դրանց լուծման համար կարևոր է  պետություն-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն  եռանկյունու աշխատանքը։ Իսկ ես հիշեցնեմ՝ Հովիկ Աբրահամյանը  սեփական կամքով  հրաժեշտ տվեց վարչապետի պաշտոնին  սեպտեմբերի 8- ին:

Back to top button