
տեղադրված է ժամը 12։08- ին
լրացված է ժամը 17։03- ին

«Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել ՀՀ նախագահին»,- հայտարարեց նա։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունն այսօր իր վերջին նիստն անցկացրեց: Մայն նիստի ավարտին նա հայտնեց հրաժարական տալու իր մտադրության մասին :
Հովիկ Աբրահամյանը 2014թ ապրիլի 17-ին վարչապետի պաշտոնում առաջին անգամ կառավարության նիստերի դահլիճ մտավ, նիստը շնորհավորանքով սկսեց՝ այդ օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրն էր:
Արդեն հաջորդ նիստերից մեկում՝ կառավարության ծրագրի հաստատումից հետո, Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամների հետ խոսեց վերնագրերի լեզվով։ «Մեր ճանապարհները կբաժանվեն կառավարության այն անդամից, ով չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի աշխատի, անկախ նրանից, թե մենք ինչքան ժամանակ ենք միասին աշխատել»։
Հովիկ Աբրահամյանի կառավարությունում իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին երկարամյա մարզպետեր, ինչպես օրինակ Կոտայքի ու Տավուշի ղեկավարները՝ Կովալենկո Շահգալդյանն ու Արմեն Ղուլարյանը:
Ընտանեկան բիզնեսի ներդրում, գործնական քայլերով փոքր ու միջին բիզնեսին աջակցելու խոստում, սահմանամերձ համայնքներում հարկային արտոնություններ և ոչ միայն: Այս ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվեց, որի նախագահը եւս Հովիկ Աբրահամյանն էր:
Շուրջ 2,5 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին Հովիկ Աբրահամյանն այսօր ներկայացրեց հրաժարականից հետո։
«Ջրամբարաշինարարություն, գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքներ, Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում: Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առևտրի գործառնական ծախսերը և մեղմել 2015 թ տարածաշրջանային տնտեսական շոկերը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։
Մի ամբողջ օրենսդրական փաթեթ, որը պետք է քննարկվեր ԱԺ արտահերթ նիստում՝ հոկտեմբերին, չի քննարկվի գոնե Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ: Պարզվեց՝ տնտեսական ներկա ցուցանիշերի այսպես ասենք հիմնական մեղավորները ապրիլյան պատերազմն էր ու ՊՊԾ գնդի գրավումն էին։
Շուրջ 2,5 տարվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը նաև մի շարք հանձնարականներ տվեց՝ինչպես օրինակ, նախարարներին պարտադրեց մարզեր այցելել ու գիրք կարդալ, 2015թ փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրվան ընդառաջ Աբրահամյանը կառավարության անդամներին Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը նվիրեց ու հանձնարարեց անպայման ժամանակ գտնել ու կարդալ այն: Միայն թե այդպես էլ պարզ չեղավ, թե նախարարներից քանիսն այն կարդացին:
Իսկ այսօր արդեն Հովիկ Աբրահամյանը կարելի է ասել հրաժեշտ տվեց վարչապետի իր պաշտոնին ու կառավարության անդամներին։
Հովիկ Աբրահամյանը 25 ամյա անկախ Հայաստանի 13-րդ վարչապետն էր:




