Հասարակություն

Երեւանում գերադասնում են համակարգչային խաղեր, իսկ սահմանամերձ գյուղերում՝ խաղալիքներ

լուսանկարը՝ «Դեյլի մեյլ»-ի

arminegevorgyan

Մինչեւ յոթ տարեկան երեխայի համար կարեւոր է, թե ինչ տեսակի խաղերով է հետաքրքրվում ու ինչ խաղ է խաղում՝ Զենք-խաղալիքների համաշխարհային օրվան նվիրված ասուլիսին այսօր ասել է հոգեբան Աիդա Առաքելյանը: Ըստ նրա՝ երեխան նոր-նոր է սկսում բացահայտել աշխարհը, ու ինչպիսին ներկայացնում են նրան աշխարհը, այնպես էլ ձեւավորվում է ընկալումը: Հոգեբան ասում է, որ երեխաները կարող են ավելի ագրեսիվ դառնալ, երբ  զենքը դիտարկում են որպես  խաղալիք: Սակայն նկատենք, որ եթե մայրաքաղաքում կամ հարակից շրջաններում ապրող երեխաներին հետաքրքրում են հիմնականում ավտոմեքենաներն ու տիկնիկները,ապա սահմանամերձ համայնքներում պատկերն այլ է՝ այնտեղ զենք-խաղալիքներն այլ իմաստ ունեն՝ պաշտպանողական, բայց  ոչ  դիմացինի նկատմամբ, այլ՝ թշնամու:

Շատ հաճախ ենք լսում, որ  սահմանամերձ համայնքում ապրող երեխաներն ասում են, որ մեծանան զինվոր են դառնալու, որպեսզի կռվել թուրքերի դեմ։ Հոգեբան Աիդա Առաքելյանն ասում է, որ  սահմանամերձ համայնքների երեխաները ստիպված են լինում իրենց մանկությունն անցկացնել նման իրավիճակում ու ընդունել արտաքին աշխարհը որպես տագնապալի մոդել: Վերջինս նշում է,որ զենքի հետ ծանոթացումն ինքնին բացասական չէ երեխայի համար, սակայն այդ ծանոթացումը չպետք է լինի խաղի միջոցով՝ հատկապես համակարգչային ռազմական խաղերի, որոնք այսօր իրականությանը չափազանց մոտ են, ինչն էլ ավելի վտանգավոր է երեխայի ներաշխարհի համար, քան խաղալիք զենքերը:

Այս պարագայում  երեխան մտնում է խաղի մեջ ու ընդունում է խաղի կանոնները, որն էլ ազդում է նրա վարքագծի վրա: «Եթե զենքը ծառայում է վստահության ստեղծմանն ու ինքնապաշտպանությանը, պայմանականորեն ավելի ճիշտ է ու դրականորեն է ազդում, քան Երեւանում բնակվող երեխայի դեպքում, որը միայն համակարգչային խաղերի միջոցով է առնչվում զենքի հետ»,- ասում է հոգեբանը։

 

Back to top button