Քաղաքական

ՀՀԿ-ն ցանկացած գնով հաղթելու առաջնայնություն չի դրել

karenghazaryan
Սեպտեմբերի 18-ին մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ դրանք ավելի ակտիվ եւ սուր են ընթանում, քանի որ համեմատաբար ավելի շատ կուսակցություններ են մասնակցում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունները իրական «ինդիկատոր» են եւ ԲՀԿ-ն դրանք հատկապես կարեւորում է Հայաստանում նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու առումով: Թեմային անդրադառնալով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահեցրել է, որ ՀՀԿ-ն իր առջեւ ցանկացած գնով հաղթելու առաջնայնություն չի դրել:

Համեմատաբար ավելի շատ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի, մասնակցության պայմաններում ՏԻՄ ընտրությունները որակապես կտարբերվեն նախորդ համանման ընտրություններից: Այս կարծիքին է հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ այս ընտրությունները եթե ոչ իդեալական, ապա ավելի թափանցիկ կլինեն:

«Շատ-շատ շահարկումների առարկա է դառնում այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն իր անդամներին անպայման դարձնում է համայնքապետեր ՏԻՄ ընտրություններում, որ հետո նաեւ նախապատրաստվի համապետականին: Այդպես էլ պետք է լինի: Իհարկե, պիտի սկսել ՏԻՄ ընտրություններից, բայց ճիշտ չեն շահարկումները, թե ՀՀԿ-ն զոռով է անցկացնում: Չկա նման բան»:

Անշուշտ, պետք է պաշտպանել այն մարդուն, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, սակայն, ՀՀԿ-ն չի պաշտպանելու այնպիսի մարդու, որը տվյալ համայնքում չի վայելում համակրանք, չունի հեղինակություն, չունի ընտրազանգված՝ հավելեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ վստահեցնելով, թե. «Հանրապետական կուսակցությունն այդ քաղաքականությունը, հատկապես այսօր չի վարում»:

Ընդհակառակը, եթե մարդը հեղինակություն է վայելում, ապա կուսակցությունն աջակցում է նաեւ այդ թեկնածուին, եթե համակրում է կուսակցության ծրագրին ու կանոնադրությանը՝ վստահեցրեց հանրապետական պատգամավորը՝ շեշտելով, որ նման դեպքեր նախկինում եղել են, երբ կուսակցությունը չի աջակցել իր անդամին: Ի պատասխան հարցերի՝ հանրապետական պատգամավորը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք երբեք չի բաժանել, ապա նաեւ նշեց, որ ընտրակաշառքի եւ բարեգործության սահմանը շատ նեղ է՝ նայած թե ինչ աչքերով ես նայում:

ՏԻՄ ընտրությունները կարեւորվում են ԲՀԿ-ի համար: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ դրանք իրական «ինդիկատոր» են, թե իրականում քաղաքական ուժն ի՞նչ հավակնություններ ունի, ո՞ր քաղաքական ուժի թիմն է մրցունակ:

«Բնականաբար այն արատավոր երեւույթները, որ տարիներ շարունակ ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո արձանագրվել են եւ բարձրաձայնվել, երեւի որեւիցե մեկը չկա, որ այդ հարցը կամ այդ խնդիրը կասկածի տակ առնի»:

Հետեւաբար, ԲՀԿ խմբակցության քարտուղարի կարծիքով՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններում լավագույնս պետք է կիրառել նոր մեխանիզմներ ու տեխնոլոգիաներ, եթե կա ցանկություն, որ Հայաստանում նոր քաղաքական մշակույթ լինի: Այս առումով, նրա խոսքով, իրենք որեւիցե տեղաշարժ չեն տեսնում:

Սպասվող ՏԻՄ ընտրությունների ընթացքի գնահատումից ԲՀԿ ներկայացուցիչը զերծ մնաց: Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենց չափով, նախկին փորձն ու հնարավոր զեղծարարությունների բոլոր ռիսկերը հաշվի առնելով, իրենք ջանացել են, որ առավելագույնս փորձառու մարդիկ լինեն ընտրատեղամասերում: Ի՞նչ կստացվի կամ  ընտրությունների գնալու ի՞նչ մոտեցումներ ու գործիքակազմ են որդեգրել այլ քաղաքական ուժերը. ի վերջո, կերեւա առաջիկայում՝ եզրափակեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Թեմային անդրադառնալով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր վստահեցրեց, որ ՀՀԿ-ն իր առջեւ ցանկացած գնով հաղթելու առաջնայնություն չի դրել:

Այն, որ շատ համայնքներում հանրապետական թեկնածուների հետ մրցակիցներ չկան, Գագիկ Մելիքյանի պարզաբանմամբ, նշան է այն բանի, որ որեւէ քաղաքական ուժ չի էլ փորձում մրցակցել մի թեկնածուի հետ, ում հաղթանակը, ԱԺ հանրապետական խմբակցության քարտուղարի ձեւակերպմամբ, այսպես թե այնպես ժողովուրդն արդեն, կարծես, կանխատեսել է, թեկուզ՝ մինչեւ քվեարկությունը: Ես համոզված եմ, որ քվեարկություններն ընդամենը կհաստատեն այդ փաստերը՝ եզրափակեց հանրապետական խմբակցության քարտուղարը:

Back to top button