

Տեխնոլոգիաների բուռն զարգացումն ազդում է նաեւ արխիվների աշխատանքի վրա: Հայաստանի ազգային արխիվը բացառություն չէ: Այստեղ 2010 թվականից սկսած ակտիվորեն թվայնացման գործընթացներ են: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ թվայնացված փաստաթղթերն արդեն անցնում են միլիոնի սահմանը: Նրա խոսքով՝ դա չի նշանակում հրաժարում թղթերից, ժապավեններից կամ լուսանկարներից: Դրանք կպահպանվեն եւ կփոխանցվեն սերունդներին:
Ազգային արխիվի թվայնացումն սկսվել է առավել կարեւոր եւ պահանջարկ ունեցող փաստաթղթերից: Հաստատության տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ ներկայումս այդպիսի փաստաթղթերը վերաբերում են մարդկանց, այսինքն՝ շատ են օգտվողները, որոնք փորձում են վերականգնել իրենց տոհմածառերը:
«Մեծ պահանջարկ կար առաջին հանրապետության պատմության հետ կապված, ինչը հիմա մի փոքր նվազել է: Ամենակարեւորներից են նաեւ ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը, որոնց պահանջարկը հիմա էլ չի նվազում: Մեծ պահանջարկ կա բնակավայրերի պատմության հետ կապված՝ մի գյուղի, փոքր քաղաքի պատմություն են գրում: Մոտավորապես 100 համայնքի պատմություն է գրվել ու գիրքը տպագրվել է»:
Ազգային արխիվի թվայնացումը երկու կարեւոր խնդիր է լուծում, նախ՝ պահպանման խնդիրը: Սա նշանակում է, որ օրիգինալ նմուշները անձեռնմխելի կլինեն եւ կօգտագործվեն միայն թվայնացված տարբերակները: Երկրորդ խնդիրը՝ թվայնացումը կհեշտացնի տեղեկությունների որոնման գործընթացը: Որոնվող տեղեկությունները հնարավոր է գտնել րոպեների, անգամ՝ վայրկյանների ընթացքում՝ վստահեցրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Այժմ արդեն իմ աշխատասենյակից կարող եմ արխիվային փաստաթղթեր համակարգչի վրա դիտել, կարդալ, պատասխաններ գրել»:
Փորձնական ծրագրեր իրականացվել են դեռ 2004 թվականից: 2010-ից արդեն բուռն թվայնացում է սկսվել Ազգային արխիվում՝ տեղեկացրեց հաստատության տնօրենը: Հենց այդ ժամանակ էլ հնարավոր է եղել գնել արդիական տեխնոլոգիաներ, որոնք բավականին թանկ են: Բոլոր թվայնացնող սարքավորումները գնվել են բարերարների հատկացրած միջոցներով, ովքեր գիտակցել են Հայաստանի արխիվի ՝ պահպանման կարեւորությունը՝ հայտնեց Ամատունի Վիրաբյանը: Նրա փոխանցմամբ՝ Ազգային արխիվում մոտավոր տվյալներով պահպանվում է 350 մլն թղթից փաստաթուղթ: Թվայնացման համար տարիներ են պետք, քանի որ աշխատում է ընդամենը 4 թվայնացնող մեքենա երկու հերթափոխով: Թվայնացվում են նաեւ ժապավենները:
«Այս տարի, կարող եմ ասել, որ ավարտելու ենք 35 միլիմետր լայնությամբ ժապավեններով վավերագրական ֆիլմերի թվայնացման աշխատանքները»:
Հաջորդ տարվանից կսկսվեն նաեւ հեռուստատեսային ֆիլմերի թվայնացման աշխատանքները: Դրա համար հարկ կլինի ձեւափոխել թվայնացնող սարքի ծրագիրը:
Գեղարվեստական ֆիլմերի թվայնացումն իրականացրել է «Հայֆիլմը» գնած կազմակերպությունը: Դրանց մեկական օրինակ տրվել է նաեւ Ազգային արխիվին: Ամատունի Վիրաբյանի խոսքով, սակայն, հետագայում իրենք նույնպես գեղարվեստական ֆիլմերը կթվայնացնեն, քանի որ, կարծում է, ճիշտ չէ, երբ թվայնացման ժամանակ կատարվել են գունային փոփոխություններ: Ազգային արխիվը կթվայնացնի, այսպես ասած, մեկը մեկին՝ այնպես, ինչպես կան այդ գեղարվեստական ֆիլմերը, քանի որ մասնագետները արխիվից հետաքրքրվում են հենց օրիգինալ որակի ֆիլմերով: Կարծում է՝ իրավաբանորեն խնդիրներ չեն առաջանա, քանի որ Արխիվն այդ գործն անելու է պահպանման համար:




