
տեղադրված 14.11
լրացված 16.22

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է օգոստոսի 30-ին Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին. ռուս սահմանապահները, հիշեցնենք, Գիրգորյանին թույլ չէին տվել դուրս օդակայանից՝ տեղեկացնելով, որ նրա մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը: Վերլուծաբանն ասել է, որ մինչ այժմ չի շտապել տեղի ունեցածին գնահատականներ տալ՝ նախընտրելով սպասել պաշտոնական պարզաբանումների: Նման հայտարարություններ առայժմ չեն հնչել ու սա վերլուծավբանին հիմք է տալիս եզրակացնելու, որ տեղի ունեցածը ճնշում է իր ու իր կազմակերպության վրա:
ՌԴ իշխանություններն առայժմ որևէ կերպ չեն պարզաբանել «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանին Ռուսաստան մուտք գործել թույլ չտալու միջադեպը, դեռևս պատասխան չի տրվել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կողմից դեպքի առիթով ներկայացված հարցմանը: Հայաստանի արգործնախարարությունն առայժմ վստահեցնում է, որ զբաղվում է այս հարցով, տեղեկություններ ունենալու դեպքում հայտարարությամբ հանդես կգա:
Ստեփան Գրիգորյանն այս օրերին սպասել է այդ արձագանքներին՝ չբացառելով անգամ սխալմունքի վարկածը, բայց քանի որ պաշտոնական հայտարարություններ, պարզաբանումներ չեն հնչել , արդեն իր գնահատականներն է ներկայացնում:
«Եթե այս արգելքը լիներ 3 կամ 4 տարով, կմտածեի որ պրոֆիլակտիկ քայլ է արվում , դժգոհություն կհայտնեի , բայց գուցե և հասկանայի, բայց եթե մինչև 2030 թվականն է, այդ մուտքն արգելվում, ես քաղաքական դրդապատճառներ այստեղ չեմ կարող չտեսնել»:
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավարին օգոստոսի 30-ին ռուս սահմանապահները թույլ չէին տվել դուրս գալ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից՝ ծանուցելով, որ նրա մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը: Նրան ներկայացվել էր «Ելքի և մուտքի կարգի վերաբերյալ» ՌԴ օրենքը, որը մի շարք դեպքեր է սահմանում ՝ հիմնականում տարբեր իրավախախտումներ, որոնք կարող են մուտքի արգելքի պատճառ դառնալ: Գրիգորյանն ասում է՝ իրեն կարող էր վերաբերել միայն օրենքի այն կետը, որը սահմանափակման ենթակա է համարում նաև այն օտարերկրացիների մուտքը, ովքեր համագործակցում են Ռուսատանում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ:
«Երբ ռուս-ուկրաինական հարաբերություններում է նման հարց ծագում` սև ցուցակների, սանկցիաների, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, պատերազմի մաս կա այդ հարաբերություններում: Բայց հասկանալի չէ, թե որ սանկցաիների մասին է խոսքը Ռուսասատնի ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի դեպքում»:
Գրիգորյանը կասկածներ ունի , որ իր դեպքը եզակի չէ ու սև ցուցակներ այնուամենայնիվ կան : Նա Հայաստանի իշխանություններին հորդորում է դիվանագիտական խողովակներով ճշտել նման ցուցակների առկայությունը:
Առաջարկում է նաև գործել փոխադարձության սկզբունքով:
«Առաջարկում եմ մտածել այս մասին. մեկ ռուս գործչի «անցանկալի անձ» հայտարարել և արգելել նրա մուտքը Հայաստան»:
Ստեփան Գրիգորյանը վստահեցնում է, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը շարունակելու է ակտիվորեն աշխատել, նաև միջազգային ու եվրոպական կառույցների հետ, շարունակելու է ակտիվ տարածել իր տեսակետերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: Նա, ի դեպ, չի բացառում, որ ուշադրության կենտրոնում հայտնվել է հենց այդ հարցում հստակորեն ներկայացվող դիրքորոշումների պատճառով:




