

Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների տնտեսության մեջ ԱՐԻ (Artsakh Roots Investment) կազմակերպությունը ներդրումային ծրագրեր է իրականացնում 2010 թվականից: Կազմակերպության բուն առաքելությունն է Սփյուռքի ներուժն ուղղել նշված երկու շրջանների զարգացմանն ու վերաբնակեցմանը: Ծրագրի շրջանակներում մշակվել է Աղավնո գյուղի զարգացման նախագիծ, 3 փուլով կառուցվելու է 150 տուն, որոնց մի մասն արդեն շահագործման է հանձնվել: Կազմակերպության ներկայացուցիչներն այսօր նշել են, որ ներդրումային ծրագրի փորձը հաջողված են համարում, մանրամասնել են ծրագրի առանձին բաղադրիչները:
Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում Artsakh Roots Investment կազմակերպությունն իր ներդրումային ծրագիրը սկսեց 16 գործարարներով, նրանց թիվն այսօր հասնում է 180- ի: Սփյուռքահայ գործարարների 80 տոկոսը լիբանանահայեր են, ծրագրում ընդգրկված գործարարներ կան նաև Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, արաբական որոշ երկրներից: «Շատերը միմյանց չեն էլ ճանաչում, բայց բոլորին միավորել է Արցախի նշված շրջանների զարգացման ու վերաբնակեցման գաղափարը»,- ասում է կազմակերպության պատասխանատու Բենիամին Պչակճյանը: Ասում է, որ բոլորն էլ ազգությամբ հայեր են, սակայն նպատակ կա ներդրումային ծրագրերում ընդգրկել նաև ազգությամբ ոչ հայ արտասահմանցի գործարարներին:
2014-ից կազմակերպությունը նախաձեռնեց երեք փուլից բաղկացած բնակարանաշինության ծրագիրը: Աղավնո գետի ափին, Բերձորի տարածքում նախատեսված 150 բնակարաններից 50- ն արդեն կառուցված են: Սեպտեմբերի 3- ին 23 բնակարանների բանալիները հանձնվեցին հասցեատերերին
«Նմանատիպ ծրագրերից մեր ծրագիրը տարբերվում է նրանով, որ բարեգործությամբ չենք զբաղվում, այլ զբաղվում ենք բիզնեսով: Մենք իրականացնում ենք բիզնես ծրագիր՝ առանց մեծ շահի ակնկալիքի»,- հստակեցնում է կազմակերպության ներկայացուցիչ Ստեփան Տեր- Պետրոսյանը՝ իրականացվող ներդրումային ծրագրի փորձը որակելով հաջողված:
Կազմակերպության նպատակն է դառնալ Արցախում ներդրումներ ապահովող համահայկական կառույց: Սփյուռքում ունենք հսկայական ներուժ, որը պետք է օգտագործենք: Կազմակերպության ներկայացուցիչների համոզմամբ՝ այդ հարցում առաջնային է փոխադարձ վստահության մթնոլորտի ապահովումը։




