

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է օգոստոսի 30-ին Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին. ռուս սահմանապահները, հիշեցնենք, Գիրգորյանին թույլ չէին տվել դուրս օդակայանից՝ տեղեկացնելով, որ նրա մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը:
Վերլուծաբանն ասել է, որ մինչ այժմ չի շտապել մեկնաբանություններ տալ ՝ նախընտրելով սպասել պաշտոնական հայտարարությունների: ՌԴ իշխանությունների կողմից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չի եղել՝ ասել է Գրիգորյանը, նաև նշել, որ առայժմ պատասխան չի տրվել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանության կողմից միջադեպի առիթով ներկայացված հարցմանը:
Գրիգորյանը տեղի ունեցածը որակել է ճնշում, որը քաղաքական նպատակներ է հետապնդում: Հավաստիացրել է, որ շարունակելու է իր աշխատանքը, իսկ իշխանություններին դիմել է խնդրանքով՝ ճշտել արդյոք Ռուսասատնում կան նաև սև ցուցակներ, որոնք արդեն տարածվում են նաև Հայաստանի վրա:
«Երբ ռուս-ուկրաինական հարաբերություններում է նման հարց ծագում` սև ցուցակների, սանկցիաների, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց ես չեմ հասկանում, թե որ սանկցիաների մասին է խոսքը Ռուսասատնի ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի դեպքում»:




