Հասարակություն

Ինչպես օգնել երեխային մասնագիտություն ընտրելիս. հոգեբանների խորհուրդը

lusinevasilyan

Ո՞ր տարիքում է ձևավորվում մասնագիտություն ընտրելու ցանկությունը,  ին՞չն է նպաստում ճիշտ ընտրություն կատարելուն,   որն է ծնողի  անելիքն այս հարցում կամ որտեղ է միջամտության սահմանը: Այս հարցերին առնչվում են թերևս  բոլորը, իսկ հոգեբանները մասնագիտական խորհուրդներ են տալիս։ «Ռադիոլուրը» որոշ կարծիքներ է ամփոփել։

Ի՞նչ են ծնողներին խորհուրդ տալիս  մասնագետները. ինչպե՞ս անել, որ երեխան ճիշտ մասնագիտություն ընտրի,  միջամտե՞լ այդ ընտրությա՞նը, թե՞ ոչ:

Կարևորը ճիշտ ուղղորդելն է՝ ասում են հոգեբանները, ուղղորդելն ու հուշելը ոչ թե սեփական նախասիրություններով , ցանկություններով  կամ հենց մասնագիտությամբ, այլ՝ երեխայի նախասիրություններով առաջնորդվելով: Նախ պետք է հասկանալ երեխայի անձնային հատկանիշները, հետաքրքրություններն ու առանձնահատկությունները ՝ որպես առաջին քայլ նշում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: «Պետք չէ փաթաթել սեփական կարծիքը, համոզել: Կարևոր է երեխային ինֆորմացիա տալ մասնագիտությունների, շուկայում դրանց հնարավորությունների մասին, ինչու չէ՝ ծանոթացնել այդ մասնագիտության տեր անձանց հետ, որպեսզի երեխան կատարի գիտակցված ընտրություն»։

Մասնագիտության ընտրության հարցն առաջնային դառնում է  15-17 տարեկանում: Հենց այդ տարիքում է երեխան իր համար «կյանքի պլան» գծում և ապագան պատկերացնում իր ընտրած մասնագիտության մեջ:

Իսկ  մասնագիտության ընտրությունը, հոգեբանների կարծիքով,  մարդու ինքնադրսևորման հնարավորություններից մեկն է: Հոգեբանները մարդկանց մեջ մասնագիտական տեսակներ են առանձնացնում: Օրինակ՝  ռեալիստ տեսակը, որին  բնորոշ են չոր մեխանիկական, տեխնիկական աշխատանքները: Մյուսը արտիստիկ տիպն  է, որն  առաջնորդվում է հույզերով և միշտ ստեղծագործելու հնարավորություններ է  փնտրում: Կա նախաձեռնող մասնագիտական տեսակը , որի կրողները  ղեկավար ու  ադմինիստրատիվ աշխատողներ են դառնում: Իսկ սոցիալական տիպի ներկայացուցիչները կամ նրանք, ովքեր նախընտրում են մարդ-մարդ հարաբերությունները,   ուսուցիչ, բժիշկ, հոգեբան են դառնում:

Եթե մարդու տեսակն ու մասնագիտությունը չեն համընկնում, ըստ մասնագետների, հոգեբանական խնդիրներն անխուսափելի են:

Իսկ ի՞նչ անել, երբ երեխան մի մասնագիտություն է ընտրել, իսկ ծնողը համոզված է, որ այդ ընտրությունը լավագույնը չէ կամ չի համապատասխանում երեխայի բնույթին: Հոգեբանն ասում է՝  նախ պետք է հասկանալ այդ ընտրության մոտիվացիան, պարզել , թե ինչու  է երեխան հենց այդ մասնագիտությունն ընտրել:

Իսկ խնդիրը լուծելու համար ծնողներին երկու տարբերակ  է առաջարկում՝ կամ բացատրել, բացահայտել  այն անհամապատասխանությունը, որ կա մասնագիտության տեսակի և երեխայի բնույթի միջև, կամ հակառակը ՝ աշխատել երեխայի հետ այնքան, որ այդ անհամապատասխանությունը վերանա:

Back to top button