ԿարևորՀասարակությունՄշակույթ

Կյանքից հեռացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը

Ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո այս գիշեր 63 տարեկանում մահացել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնէրեն Հրաչյա Թամրազյանը։

Մի քանի օր առաջ էր լույս տեսել նրա արդեն վերջին աշխատությունը՝ «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը»  մենագրության երկրորդ հատորը (առաջին հատորը հրատարակվել է 2014 թվականին։

Բանաստեղծ, թարգմանիչ, գիտնական Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ.- ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ.- ին աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է (կենսագրությունը՝ ըստ «Վիքիպեդիայի»

Հրաչյա Թամրազյանը հայտնի գրականագետ, ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի որդին էր։

Back to top button