

Գերմանիայի կառավարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ հերքել այսօր առավոտյան Der Spiegel հանդեսի հրապարակած տեղեկությունը, թե Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է հեռու մնալ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից՝ դրանով «քաղաքական ժեստ» կատարելով Թուրքիայի նկատմամբ:
Այսօր Der Spiegel- ի լուրը հերքել է նաև Մերկելի կուսակիցներից մեկը՝ խորհրդարանում քրիստոնեա- դեմոկրատների առաջնորդը՝ նշելով, որ դաշնային կանցլերը մտադիր չէ իրեն հեռու պահել բանաձևից:
«Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անձամբ աջակցում է Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, որում հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակվում են որպես ցեղասպանություն»,- Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերի այս խոսքերն էլ մեջբերում է ՏԱՍՍ- ը:
«Շտայնմայերն աջակցել, աջակցում ու աջակցելու է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևին»,- ասել է Շեֆերը։ Նա նշել է, որ արտգործնախարարն ինքը պատգամավոր է, այդ իսկ պատճառով փաստաթղթի ընդունումը վերաբերում է նաև անձամբ նրան։
Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական Անկարան՝ ի դեմս արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ նախապայման էր առաջադրել Բեռլինին՝ Ինջրիլիք Բունդեսթագի պատգամավորների մուտքը չխոչընդոտելու դիմաց պահանջելով հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին աջակցելուց։
Հունիսի 2-ին Բունդեսթագը ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչեց 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, ինչից հետո Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացան, իսկ Անկարան հրաժարվեց գերմանացի պատգամավորներին թույլ տալ մուտք գործել Ինջիրլիքի ռազմակայան։




