Առաջին դասարան հաճախեց նաեւ մեր երկրի ապագա նախագահը
2016-2017 ուսումնական տարվա մեկնարկը տրված է : Այս տարի շուրջ 40 հազար երեխա առաջին անգամ դպրոց է ոտք դրել: Վերջնական թիվը պարզ կդառնա մի քանի օրից միայն, իսկ այժմ հստակ է, որ այս տարի էլ մեր երկրի գյուղական մի շարք համայնքներում այդպես էլ առաջին դասարաններ չեն ձևավորվել : Այսօր վաղ առավոտից չեն դադարում հնչել Գիտելիքի օրվան նվիրված շնորհավորանքներն ու միջոցառումները: Փոքրիկների երազանքները տարբեր են. նրանք ցանկանում են նախագահ, նկարիչ , դիզայներ դառնալ: Առաջինդասարանցիներն այս օրվա հատուկ են նախապատրաստվել:
Վեցամյա այս փոքրիկն էլ այսօր բազմաթիվ հասակակիցների նման առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շենքից ներս, հուզված էր բոլորի նման, ոտանավորը հատուկ սեպտեմբերի 1- ի համար էր սովորել, դպրոցի մասին նրա պատկերացումները դեռ հստակ չեն: Դպրոցական տարիների պատկերացումները հստակ են երկրորդ ու երրորդ դասարանների աշակերտների մոտ, հատկապես փոքրիկի Սպարտակի, ով հստակ որոշել է՝ մեծանալու է ու դառնալու է ՀՀ նախագահ.«Ես ուզում եմ նախագահ դառնալ որ երկիրս պաշտպանեմ»:
Հարցին, թե որ դառնաս նախագահ էլ ինչ ես անելու, ասում է՝ երկրից կգնամ: Ճշտող՝ նախագահ ես դառնում, որ երկրից գնա՞ս հարցին, արձագանքում է՝ դե այցերի, էլի:
Մեր երկրի ապագա նախագահ փոքրիկն այս պահից արդեն կարևորում է իր առաջին ելույթի ցուցադրումը եթերում:
Ֆուտբոլիստ, նկարիչ , դիզայներ ու ոչ միայն. մանկության տարիների երազանքներն այս փոքրիկների մոտ տարբեր են: Խոստումներն են նույնը՝ լավ են սովորելու:
Երեխաներին դպրոց ճանապարհող յուրաքանչյուր ծնող մտովի հետ է գնում, վերլուծում անցած տարիներն ու հասկանում, թե որքան արագ անցան դրանք: Փոքրիկներն իհարկե դեռ չեն հասկանում, որ դպրոց հաճախելը նոր ու լուսավոր էջ է բացում նրանց կյանքում: Այսօր հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տոնական տրամադրություն է, ժպիտ: Տարիներ հետո Անին ժպիտով է հիշելու, թե ինչպես էր այսօր՝ սեպտեմբերի 1- ին, աշակերտական շարքերի մեջ լացով հայրիկին փնտրում, և թե ինչպես էր լացող փոքրիկին իր մյուս հասակակից ընկերը հանգստացնում.
Մեր մամաները մեզ սպասում են, մենք գրքերը ստանալու ենք ու գալու են մեր մամաները: Ես ուզում եմ գիտնական դառնալ:
Օրը տոնական էր նաև երեխաներին դպրոց ճանապարհող ծնողների համար, յուրաքանչյուր ծնող դպրոցն ընտրել է տարբեր նկատառումներից ելնելով՝ մեկը ցանկանում է, որ իր երեխան հեղինակավոր դպրոց հաճախի, մյուսը՝ տանը հնարավորինս մոտ լինի: Հուզվում են միշտ, եւ կապ չունի՝ երեխան առաջի՞ն դասարան է հաճախում, թե՞ երկրորդ:
Հինգերորդ թոռանն այսօր նաև առաջին դասարան էր ուղեկցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը չհիշեց իր դպրոցական տարիները, այլ Գիտելիքի օրվան ընդառաջ ուղերձ հղեց
«Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առիթով: Այսօր մեզ համար, մեր երեխաների, ծնողների, բոլորիս համար տոն է»:
Մանկավարժները նույնպես այս օրվան երկար են սպասում, յուրաքանչյուր ուսումնական տարի նրանց մոտ էլ նոր ապրումներ ու հույզեր է արթնացնում: Անանիա Շիրակացի ճեմարանի կրտսեր դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյան:
Այս տարի, ի դեպ, առաջին դասարան կհաճախի շուրջ 40 հազար երեխա: