


Նա չնայած գիտի, որ հայրը զոհվել է, բայց մինչ օրս սպասումէ հայրիկին, իսկ նրա փոքրիկ քույրը՝ երեք տարեկան Մարիանան, ամեն օր հարցնում է, թե հայրիկը երբ է վերադառնալու տուն: Մայրը՝ տիկին Արշալույսը, ամեն անգամ պատասխանում է, որ հայրը երկնքում հետևում է նրանց։ Յուլիանան դեռ 10 տարեկան է, բայց արդեն հստակ որոշել է՝ դերասանուհի է դառնալու: Հայրը նրա որոշման մասին տեղյակ էր:

Տիկին Արշալույսը պատմում է՝ դեպքը տեղի ունեցել ապրիլի 4 ին: Մինչ այդ անընդհատ կապի մեջ է եղել ամուսնու հետ, բայց հետո ինչ- որ պահից կապը ընդհատվել է, իսկ արդեն լուսադեմին պարզ է դարձել ամեն ինչ: Դավիթը զոհվել է Մատաղիսում:

Արշալույսը մինչ օրս մանրամասն հիշում է իրենց առաջին հանդիպման մասին՝ ինչպես ծանոթացան, ինչպես ամուսնացան, միասին ինչ նպատակներ ունեին իրականացնելու։ Մի քանի տարի երեխա չեն ունեցել, հետո ծնվել է առաջնեկը՝ որդին՝ Յուրին:

Նպատակներ շատ ունեին: Մեծ ընտանիքում էին ապրում: Երազում էին ունենալ իրենց սեփական բնակարանը: Հիմա Դավիթի ընտանիքն ապրում է վարձով, բայց խոստացել են, որ բնակարան հատկացնեն։ Դավիթի մահից հետո Արշալույսին հրավիրում են աշխատանքի զինված ուժերում: Ասում է, որ մինչ այդ դեպքերն էին որոշել միասին աշխատել՝ նույն համակարգում։ Անհամբերությամբ էր սպասում այն օրվան, երբ ամուսնու հետ միասին առավոտյան գնային աշխատանքի։ Արշալույսը այժմ գնում է աշխատանքի, բայց միայնակ… ու մեծացնում երեք երեխաներին:

Ասում են վիշտը միավորում է բոլորին ու նույն քաղաքում ապրող անծանոթները մեկ օրում դառնում են հարազատներ ու մտերիմներ: Ստեփանակերտում ապրող զոհված զինծառայողների ընտանիքներն այսօր մեկը մյուսին ճանաչում են, ընկերություն են անում, գիտեն միմյանց խնդիրների մասին: Տիկին Արշալույսն է բացատրում մեզ հաջորդ զոհված զինծառայողի տան վայրը: Այցելում եմ Մասիս Թովմասյանի բնակարան: Մասիսն ունի երկու երեխա:

Կինը՝ Էլմիարան, աշխատում է Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցում որպես բուժքույր, ասում է, որ իր օրը նախկինում բացվում էր ապագայի ծրագրերով, իսկ Մասիսից հետո անիվը բոլորովին այլ ուղղությամբ է պտտվում։ Եթե զինվորականի կինը ինչ- որ տեղ պատրաստ է դաժան լուրեր լսելու, ապա իր պարագայում այդպես չէ .. Մասիսը մեկնել էր կամավոր, Մասիսը իրավաբան էր, սակայն մասնագիտությամբ չէր աշխատում:

Մասիսը ապրիլի 2- ին մեկնում է ճակատ և զոհվում լույս երեքի գիշերը:





