

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները մասնակից կուսակցությունների պակասով չեն առանձնանա: Վանաձորում ընտրապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել 8, իսկ Գյումրիում 11 կուսակցություն՝ 1-ը դաշինք: Սա վերջին տարիների համար ակտիվության թերևս աննախադեպ ցուցանիշ է: Ինչով են բացատրում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ քաղաքական ուժերի հետաքրքրության մեծացումը փորձագետները և ինչ են ակնկալում այդ ակտիվացումից:
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններն ըստ էության Ընտրական նոր օրենսգրքի առաջին լուրջ փորձարկումն են լինելու: Հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում համայնքի ղեկավարի ընտրությունները, ի տարբերություն նախորդների, անցկացվելու են համամասնական ընտրակարգով: Դրանց մասնակցելու են միայն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: Նրանք ավագանիների ցուցակներ են ներկայացնելու, ընտրողներն իրենց քվեն տալու են հենց այդ ցուցակներին, իսկ ընտրված ավագանու կազﬕց էլ ընտրվելու է քաղաքապետը։
Նախորդ տարիներին ընդդիմադիր ուժերը ՏԻՄ ընտրություններին առանձնապես ակտիվ չեն մասնակցել: Այս ընտրություններով իրավիճակը կարծես թե փոխվում է: Գյումրիում, օրինակ, 10 կուսակցություն է պատրաստվում մասնակցել ընտրապայքարին: Ինչով է պայմանավորված վարքագծի այս փոփոխությունը, կուսակցությունները պարտադրվա՞ծ, թե՞ գիտակցաբար են ավելի ակտիվ դարձել:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը կարծում է, որ երկու գործոններն էլ դերակատարում ունեն: Համոզված է, որ այս ընտրությունները յուրօրինակ թեսթ են լինելու 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ գործընթացի բոլոր մասնակիցների համար: «Սա թեստ է կուսակցությունների համար՝ հասկանալու, թե ինչ ուժով ու ներկայացվածությամբ են կարողանալու մասնակցել ընտրություններին: Թեստ է նաև իշխանության համար նոր համակարգի պայմաններում իր հնարավորությունները հասկանալու առումով: Եվ վերջապես թեստ է քաղաքացիական հասարակության համար նույնպես դիտորդների բանակը մեծացնելու առումով»:
Թերևս ՏԻՄ ընտրությունները թեստ են նաև օրենսդրության կիրառման առումով, քանի որ հակադրվելու են ընտրական հին և նոր կարգավորումները: Գործընթացի մի մասն անցկացվելու է հին, մյուսը նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:
«Ավագանու ընտրությունը կազմակերպվելու է նոր Ընտրական օրենսգրքի կարգավորումներով, իսկ բուն ընտրական գործընթացը՝ ինչպես են մարդիկ քվեարկելու, ինչպես են ձայները հաշվվելու և այլն, կատարվելու է հին Ընտրական օրենսգրքի կարգավորումներով»,- ասում է Արմեն Գրիգորյանը։
Փորձագետը կարծում է, որ ընտրությունների ակտիվ մասնակցությունը նաև թեժ ընտրապայքար և իրական մրցակցություն է ենթադրում: Նույն տեսակետին չէ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա գնահատմամբ՝ չնայած կուսակցությունների քանակի աճին՝ ընտրապայքարն այն ավյունով չի ընթանում, որով պետք է ընթանար խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։
ՏԻՄ ընտրությունները մինչ այժմ նաև այլ խնդիր են արձանագրել՝ ընդդիմադիրները դժվարություններ են ունեցել բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ ունենալու հարցում: Արմեն Գրիգորյանը կարծում է, որ ներուժն այս անգամ բավարար կլինի: Լավատեսության հիմքը տեղամասերի ոչ մեծ քանակն է:
Ի դեպ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ծրագրում է դիտորդական առաքելություն իրակնացնել ՏԻՄ ընտրություններում ևս՝ նախատեսելով սեպտեմբերի 18-ին ու հոկտեմբերի 2-ին մոտ 500 դիտորդի ներկայություն ապահովել շուրջ 240 ընտրատեղամասում:




