

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում վաղը կբացվի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը: Հաստատության նորակառույց շենքի բացման նախապատրաստական վերջին աշխատանքներին այսօր հետեւել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձել է նաեւ սահմանային իրավիճակին: Այսօր իրավիճակը սահմանում համեմատաբար հանգիստ է, կրակոցները քիչ են, սակայն կրակոցներ կան. խախտումներ լինում են մեր հարեւանների կողմից՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը շեշտել է, որ անկանոն կրակոցներին հայկական կողմը չի պատասխանում:
«Փորձում են այնպես անել, որպեսզի լարվածություն չլինի»։
Արձագանքելով հարցին, թե արդյո՞ք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ՝ պաշտպանության նախարարը շեշտեց, որ հայկական զինուժը միշտ էլ պատրաստ է դիմագրավելու ցանկացած գործողության։
«Զինված ուժերի գործողությունների մեջ միշտ էլ մեր գործողությունները փոթորկի նման են: Մենք միշտ պահում ենք զգոնությունը և միշտ էլ պատրաստ ենք տարբեր փոթորիկները դիմագրավելու»:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին խնդրեցինք նաեւ ներկայացնել առաջնագծում տարվող աշխատանքները: Սեյրան Օհանյանը, մասնավորապես, շեշտեց, որ հենակետերը տեսադիտարկման տեխնիկական սարքավորումներով զինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները սկսվել են դեռևս 2013-ի վերջին: Ապրիլյան պատերազմից հետո այդ աշխատանքները պարզապես էլ ավելի են արագացվել:
«Թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները տարվում են միայն 2016 թվականին քառօրյա մարտական գործողություններից հետո: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ պաշտպանական գիծն ինժեներական սարքավորումներով ամբողջ խորությամբ և ճակատով հագեցվածությունն ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների վարումը»:
Պարզապես, այսօր համապատասխան աշխատանքները տարվում են ինժեներական հագեցվածության ուղղությամբ՝ հավելեց նախարարը: Նրա փոխանցմամբ՝ աշխատանքներ, մասնավորապես, կատարվում են այն տեղերում, որտեղ թեթևակի փոփոխություններ են եղել առաջնագծում:




