ՄիջազգայինՔաղաքական

Բեռլինն սպառնում է հեռանալ Ինջիրլիքից. Շտայնմայերի պատասխանը Չավուշօղլուին

Պաշտոնական Բեռլինն այսօր արձագանքել է նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ Անկարան թույլ կտա գերմանացի պաշտոնյաներին այցելել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիքի ավիաբազա, եթե Բեռլինը վերանայի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում դիրքորոշումը։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սպառնացել է, որ Բունդեսվերը կհեռանա Ինջիրլիքի  ռազմակայանից: «Բունդեստթագի անդամների առջև դրված արգելքը, այցելել Ինջիրլիքի ռազմակայան, թույլ չի տա Գերմանիայի կառավարությանը երկարաձգել Բունդեսվերի հետագա մասնակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարին միջազգային առաքելության շրջանակներում՝ Թուրքիայի տարածքից»,- Deutsche Welle- ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը:

Գերմանիայի արտգործնախարարը պատասխանելով Մևլութ Չավուշօղլուի նախօրեին հնչեցրած հայտարարությանը նշել է, որ ինքը չի տեսնում ուղիղ կապ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի և Անկարայի պահանջի միջև, ինչի մասին բազմիցս ասել է թուրք գործընկերներին:

Նշենք, որ թուրքական Ինջիրլիք ռազմակայանում, որն օգտագործում է ՆԱՏՕ-ն և «Իսլամական պետության»  դեմ պայքարող կոալիցիան, Գերմանիան ունի հետախուզական ինքնաթիռներ եւ Բունդեսվերի 250 զինծառայող: Գերմանական մանդատի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին:

Կարդացեք նաև

Back to top button