

Ավանդական օգոստոսյան խորհրդակցությունների շարքն ավարտված է: Այն ամփոփվել է այսօր՝ Երևանում՝ նախ հիմնական դպրոցների տնօրենների, հետո նաև ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպումներով: Ի դեպ, մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների հիմնախնդիրները բոլորովին տարբեր են: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ է փաստում՝ արդեն մի քանի տարի է, որ Սյունիքի մարզի ու ընդհանրապես լեռնային շրջաններում առաջին դասարաններ չեն կազմավորվում: Թե ինչպես է լուծվելու այս ու ընդհանրապես 300-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցների խնդիրը, դեռ պարզ չէ։ Միջազգային փորձն է ուսումնասիրվում: Կրթության ոլորտում սակայն մի շարք հստակեցումներ այդուհանդերձ կան։ Օրինակ՝ երկարամյա տնօրեններին նրանց զավակները նույն դպրոցում չեն կարող փոխարինել, զավակները կարող են տնօրենի մրցույթին մասնակցել, սակայն, այլ դպրոցի համար: Սա միակ փոփոխությունը չէ:
Լևոն Մկրտչյանը կրթության ու գիտության նախարարի պաշտոնին չորրորդ անգամ է վերադառնում: Այս անգամ էլ նա փոփոխությունների փաթեթով ներկայացավ: Վստահեցնում է՝ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում առաջարկները տնօրենների ու մանկավարժների հետ քննարկել է: Նախ, հիմնական դպրոցների մասին. 4-րդ և 9- րդ դասարանների քննությունների ձևաչափը վերադարձվում է նախկինին՝ թեստերին փոխարինելու են գալիս փոխադրությունն ու շարադրությունը
«Որպեսզի երեխաները ունենան իրենց եսը։ Թեստային համակարգը կլինի ավելի շատ ավագ դպրոցում, իսկ հիմնական դպրոցի խնդիրներից կարևորագույնը քաղաքացու և անձնավորության դաստիարակումն է։ Ճիշտ կլինի, որ երեխաներն այդ ձևաչափով աշխատեն»:
Երևանի թիվ 45 հիմնական դպրոցի տնօրեն Միհրան Փաշայանը կիսում է նախարարի կարծիքը Դպրոցը պետք է ոչ թե թեստային ու կաղապարված լինի, այլ՝ ազատ: Ներքին ազատություն է պետք երեխային՝ ասում է:
Երկարամյա տնօրեն Միհրան Փաշայանը խոստովանում է՝ պարբերաբար նախապատրաստվելով քննություններին՝ սթրեսի է ենթարկվում, այն իմաստազուրկ է համարում: Ի վերջո, տնօրենի աշխատանքի վերջնական գնահատականը ոչ թե օրենսդրական դաշտը, այլ երեխաների հետ շփվելու ունակությունը, մանկավարժական կոլեկտիվը ղեկավարելու ունակություն պետք է լինի՝ ասում է:
Երկար ժամանակ մամուլում քննադատությունների արժանացած դպրոցի տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցելու հարցը Երևանի քաղաքապետի համար էլ ընդունելի չի:
Դպրոցների երկարամյա, 65 տարին լրացած տնօրենների աշխատանքային պայմանագրերը չեն թարմացվում: Երևանի քաղաքապետն ասում է, որ նրանց այլ դպրոցներում մանկավարժ աշխատելու հնարավորություն է տրվում:
Մարզերի դպրոցներում խնդիրները բոլորովին այլ են՝ ֆինանսավորումից մինչև քիչ թվով աշակերտներ: 1430 դպրոցից շուրջ 800- ում 300- ից քիչ աշակերտ է սովորում։ Մեխանիկական լուծումների չենք գնա՝ վստահեցնում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու տեղեկացնում՝ խնդիրների լուծման համար այժմ միջազգային փորձն են ուսումնասիրում:
Ավագ դպրոցներում նույնպես փոփոխություններ են սպասվում: 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում երեխան հնարավորություն կունենա այսուհետ ուսումնասիրել իր կողմից ընտրած երեք հիմնական առարկա, որոնցով էլ կշարունակի հետագա ուսումնառությունը՝ մասնակցելով միասնական քննություններին: Հնարավորություն կտրվի նաեւ, որ 12-րդ դասարանի աշակերտները դեկտեմբեր ամսին հանձնեն այն քննությունները, որոնք միասնական կարգով չեն հանձնելու: Փոփոխություններ կլինեն նաեւ ավարտական քննությունների մասով՝ կլինեն կրճատումներ: Նախկին 6-ի փոխարեն ավարտողները կհանձնեն 3 ավարտական քննություն: Հնարավոր է, որ կմնան միայն «Մաթեմատիկա», «Հայոց լեզու» եւ «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները:




