

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի դպրոցականնների համար նոր ուսումնական տարին նորովի կսկսվի: Եռահարկ երեք մասնաշենքից կազմաված կառույցը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնագրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ տեր և տիկին Արմէն և Պերճուհի Նալպանտեանների հովանավորությամբ և դպրոցն էլ անվանակոչվել նրանց անվամբ: Հիմնանորոգված կրթօջախի բացմանը ներկա էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը և այլք:
Սեյսմակայուն և նորացված դպրոց Նալբանդյան գյուղի աշակերտներին: Նրանց համար կարծես սեպտեմբերի մեկն ավելի շուտ էր եկել: Շտապել էին տեսնելու և երախտագիտությունը հայտնելու դպրոցի հիմնանորոգման հովանավորներին, կանադայաբնակ Արմէն և Պերճուհի Նալպանտեաններին: Վերջիններս հայրենիքի համար բարի գործ կատարելու նպատակով ընտրել են Նալբանդյան գյուղի դպրոցը, որի նորոգման համար ներդրվել է 850 000 ԱՄՆ դոլար:
Կրթօջախում կառուցվել է նոր մարզադահլիճ, հանդերձարան, սանհանգույց, ամբողջությամբ կահավորվել է, ապահովվել նոր համակարգիչներով, բարեկարգվել է բակը: Դպրոցի տնօրեն Տիգրան Գևորգյանը նշեց, որ հիմնանորոգման ընթացքում փլուզվել էր հին մարզադահլիճը, փոխարենը նորն է կառուցվել, դպրոցում չի եղել սանհանգույց:
Նալբանդյանի դպրոցում սովորում է 551 աշակերտ, ունի նախակրթարան, իրականացվում է ներռական ուսուցում: Նորոգումից հետո դպրոցում գործող երաժշտական ստուդիան վերածվելու է երաժշտական դպրոցի, իսկ սեպտեմբերի մեկին դպրոց կհաճախի մոտ 57 երեխա: 6-ամյա Ժենյան եռագույնով զարդարված, դրոշն էլ ձեռքին եկել էր դպրոց, նրա համար սեպտեմբերի մեկին կհնչի առաջին զանգը:
«Ամեն մի երկիր ուժեղ է իր գյուղով, իսկ ամեն մի գյուղ առաջին հերթին ուժեղ է իր կրթությամբ: Եթե դուք կարողանում եք ձեր երեխաներին տալ լավ կրթություն, ապա վստահ եք, որ նա կունենա լավ ապագա»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Բարերարներ Արմէն և Պերճուհի Նալպանտեաններին համայնքի ավագանու որոշմամբ տրվեց համայնքի պատվավոր քաղաքացի կոչումը, արժանացան Համայնքի ղեկավարի և մարզպետի պատվոգրերին ու շնորհակալագրերին:
Գրեթե երկու տարի ձգվող շինարարական աշխաըտանքները հույս չեն տածել ավարտական դասարանցիներին, որ իրենք ևս կսովորեն նոր դպրոցում:
Հիմնանորոգված ու կահավորված դպրոցը նոր ուսումնական տարվա նվերն էր Նալպանտեաններից Նալբանդյանցիներին:




