ԿարևորՔաղաքական

4+4+4 ձեւաչափով սահմանված ԸՕ փոփոխությունները ԿԸՀ- ն չեղյալ է հայտարարում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը։ Օրինագիծն ընդունվել էր իշխանության, ընդդիմության եւ քաղ.հասարակության 4+4+4 ձեւաչափով բանակցությունների արդյունքում։

Ըստ այդմ՝ կիրառության մեջ էր դրվելու ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ձեւավորվելու էր ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոցը, նախատեսված էին մի շարք այլ տեխնիկական նորամուծություններ։ Սակայն փոփոխությունների օրենքում սահմանված էր, որ դրանք ուժի մեջ կմտնեն անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում,  հակառակ դեպքում «մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հայտարարությամբ հանդես չգալու դեպքում սույն օրենքը չեղյալ է ճանաչվում»։

Փոփոխությունները կյանքի կոչվելու համար անհրաժեշտ էր  16 մլն եվրո, 3 մլն-ը կառավարությունը խոստանում է ինքն ապահովել, իսկ մնացած 13 մլն- ը՝ ակնկալվում էր միջազգային դոնորներից։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին։ Վերջինս նշել է, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն:

Ըստ Դավիթ Հարությունյանի պատասխանի՝ կառավարությունն ընտրական օրենսգրքի ապահովման համար անհրաժեշտ գործողություններ նախաձեռնել է, սակայն բոլոր միջոցառումների իրականացումն անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք։ Իսկ օրենքով սահմանված ժամկետում դրանց իրականացումը բացառվում է։

Back to top button