

Սարսանգի ափին գտնվող Ալաշան հանգստի գոտին, որն այժմ ժամանակավոր կացարան է Թալիշի 22 ընտանիքի համար, ապահովված է կենցաղային գրեթե բոլոր հարմամություններվ և ավելի ապահով վայր է երկու անգամ պատերազմ տեսած թալիշեցիների համար: Նրանք չեն ցանկանում լքել Ալաշանն ու վերադառնալ Թալիշ: Տեղացիների մեծ մասը ծառայում են մոտակա զորամասում, նրանց համար ավելի հարմար է լինել ընտանիքների կողքին և միաժամանակ պաշտպանել հայրենիքը:
Ալաշանը, որտեղ հուլիսի 26-ից ժամանակավոր ապրում է Թալիշից տարահանված 22 ընտանիք, հանգստի գոտի է, որը զբաղեցնում է շուրջ 20 հա անտառածածկ տարածք: Ալաշանը Խորհրդային միության տարիներին եղել է Մարտակերտի սովխոզի պիոներական ճամբար, իսկ պատերազմի տարիներին դարձել հրետանավորների բազա, ավելի ուշ՝ վերածվել հոսպիտալի:
Հոսպիտալը հիմա գտնվում է Մարտակերտում: Վերադառնալով Թալիշից մտա Սարսանգի ափին գտնվող Ալաշան ու զրուցեցի գյուղացիների հետ: Նրանց կենցաղային պայմանները հարմարավետ են, տները վերանորոգված, ապահոված կահույքով, կենցաղային իրերով: Առաջին զրուցակիցս չցանկացավ խոսել: Ամեն անգամ հիշելիս, վերապրում է այն սարսափը, որն ունեցել է ապրիլի մեկի գիշերը: «Հանգիստ քնած էինք, մեկ էլ լսեցինք կրակոցները, չհասկացանք ինչ էր: Տանը 7 օարական և 5 տարեկան թոռներս էին, տղաս պոստերից նոր էր եկել»,- պատմում է Էլմիրա Սահակյանը, ում երկու տղան ու ամուսինը զինվորականներ են :
Գյուղի գնդակոծումից սարսափած գյուղացիները շտապել էին գյուղապետարան, շարունակվող հրետակոծությունից պատսպարվել էին նկուղներում: Սակայն Թալիշում ոչ մի տեղ ապահով չի եղել, փորձել են անհրաժեշտ իրերը վերցնել ու հեռանալ:
Էլմիրա Սահակյանը պատմեց, որ Փոքր հարսին երեխաների հետ տեղափոխել են Չարենցավան, Մեծ հարսին՝ Մարտունու շրջանի Ճարտար գյուղ: Իսկ ինքը մնացել է Մարտակերտում տղաների ու ամուսնու կողքին: Թալիշեցիների մի մասը տարհանումից հետո ապրել են Ստեփանակերտի Ախթամար հյուանոցում և համալսարանի հանրակացարանում, մյուսները տեղափոխվել են Հայաստան:
Գյուղի մանկապարտեզի դիմաց է գտնվում Լյուբով Ալեքսանդրովնայի տունը, որտեղ գիշերը պատսպարվել է մոտ երեսուն երեխա: Ավելի ուշ տունը հրետակոծվել է:
Ապրիլի 2-ին գյուղապետ Վիլեն Պետրոսյանը պատրաստվում էր նշել ծննդյան տարեդարձը, սակայն իրավիճակն այլ բան թելադրեց: Ընթացքում գյուղացիները սկսել են տեղափոխել իրենց տան ապրանքը՝ ընդհուպ անասուններ: Երկու պատերազմ տեսած թալիշեցին չի ցանկանում վերադառնալ գյուղ:
Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը թալիշեցիների հետ հանդիպման ընթացքում փորձել է համոզել նրանց տուն վերադառնալ, Թալիշը համեմատաբար հեռու է գտնվում հակառակորդի դիրքերից, քան Մատաղիսն ու Մարտակերտը: Նշում է՝ Մատաղիսը թուրքերի պոստից հեռու է 1 կմ 900 մ, Մարտակերտը՝ 2.5 կմ է, իսկ Թալիշը՝ 3 կմ 80մ:
Ալաշանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը դրամական աջակցություն և սննդամթերք է հատկացրել թալիշի բնակչությանը: Գյուղապետ Վիլեն Պետրոսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվող թալիշեցիներին որոշակի աջակցություն են ցուցաբերում սոցապ նախարարությունն ու շրջանային վարչակազմը:
Թալիշեցիները չեն ցանկանում դուրս գալ Ալաշանից:




