

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հրետակոծված Թալիշում մինչև օրս մարդ չի ապրում: Գյուղը դատարկ է, հողերն անմշակ, իսկ տներն ավիրված ու թալանված: Թալիշի բնակչությունը անվտանգության երաշխիքներ չունի կրկին Թալիշ տեղափոխվելու ու առօրյա աշխատանքով զբաղվելու համար: Բնակիչները դեռ չեն հաղթահարել ապրիլի 1-ի գիշերվա ահն ու սարսափը: Թալիշն անընդմեջ հրետակոծվել էր խոշոր տրամաչափի զենքերից, գործադրվել էր ծանր տեխնիկա:
Երբեմնի կանաչ, երեխաների խինդ ու լացով լցված Թալիշն արդեն 4 ամիս լուռ է, օջախներից ծուխ չի բարձրանում: Այգիներում չորանում է չհասունացած նուռն ու մյուս պտղատու ծառերը: Գյուղամիջով անցնելիս հանդիպեցի մի երիտասարդի, ում ձեռքին կիսահաս մրգով լցված փոքրիկ տոպրակ կար: Հետաքրքրվեցի, Հրազդանից էր, բանակի համար ինժեներական աշխատանքներ էր կատարում և Թալիշի գումարտակում մնում: Աշխատում էր միայն գիշերային ժամերին: Թալիշեցիների դարպասներն ու տան դռները կողպված չէին, ներսում միայն ավերածություններ էին, դատարկ օրորոցներ, կիսադատարկ պահածոների տարաներ , երեխաների հագուստ ու կոշիկ, խաղալիքներ, թափթփված իրեր: Որտեղ սնունդ էր մնացել, այնտեղ հիշեցնում էր մեղվի փեթակի: Թալիշում մինչև պատերազմն ապրել է ավելի քան 500 մարդ: Գյուղապետ Վիլեն Պետրոսյանը նշեց, որ մինչև ապրիլի մեկը գյուղում ապրել է մշտական 125 ընտանիք՝ 500 բնակչով: Կային նաև պայմանագրային զինծառայողներ: Դպրոց էր հաճախում 102 աշակերտ, իսկ մանակապարտեզ՝ 28 երեխա:
Հրետակոծությունից ավիրվել են շատ ու շատ շինություններ: Թալիշը ծանր հրետանուց հրետակոծվել էր 5 օր շարունակ: Տարահանված բնակիչները կարողացել են անհրաժեշտ մի քանի իրեր վերցնել ու տեղափոխվել թաքստոցներ, ավելի ուշ՝ ապահով բնակավայրեր: Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը գիտի յուրաքանչյուր բնակչի գտնվելու վայրի մասին: Նրանցից 187 բնակիչ ապրում է Արցախում, մնացածը Հայաստանում, մեծամասամբ՝ Չարենցավանում :
Չարենցավանը դեռևս խորհրդային միության տարիներին, որպես ինդուստրիալ երիտասարդ քաղաք վերաբնակեցվել էր նաև ղարաբաղցիներով: Թալիշեցիներն այնտեղ ապրում են հարազատների մոտ կամ վարձակալությամբ: Նրանց որոշակի օգնություն է ցուցաբերել Չարենցավանի քաղաքապետարանը: Դիտարկմանը, թե կկարողանան Հայաստանից տուն վերադարձնել թալիշեցիներին՝ գյուղապետը պատասխանեց. <<Գլոբալ հարց է, պետք է նորմալ պայմաններ ապահովել նրանց համար: Յուրաքանչյուր թալիշեցի ցանկություն ունի վերադառնալ հարազատ գյուղ, թե որքանով կկարողանանք ապահովել թալիշեցու տուն վերադարձը՝ կապված է անվտանգության երաշխիքների հետ, որն այսօր բացակայում է համայնքում>>:
Մոտ ապագայում էլ անվտանգության երաշխիքներ չկան, գիշերային կրակոցները շարունակվում են, իսկ թալիշեցին դեռ չի հաղթահարել այն վախն ու սարսափը, որն ապրել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Ժամանակ է հարկավոր:




