

Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է «Հինգշաբթի» խորագիրը կրող լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսին մասնակցում են թվով 12 լրագրող հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից, ովքեր շուրջ 6 ամիս շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի: Ընդամենը հինգ պարապմունք ու ցուցահանդեսին ներկայացրած երկու նկար, որից մեկն ամենաբարդ՝ դիմանկարի ժանրում: Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի լրագրող Ալիսա Գևորգյանի աշխատանքները նույնպես ներկայացված են ցուցահանդես-վաճառքին: Դրանցից մեկը, ի դեպ, դիմանկարի ժանրում է:
Երբ լրագրողները ոչ թե գրում են, այլ՝ նկարում: Վեց ամիս առաջ Մարիամ Մուղդուսյանը փորձեց լրագրողական առօրյայից լրագրողներին կտրել ու բոլորովին այլ՝ գույների աշխարհ բերել: Այստեղ մեր գործընկերների ասելիքը ոչ թե բառերի, այլ գույների ու վրձնի խաղի միջոցով է: Իսկ ինչու հենց լրագրողները, Մուղդուսյան արվեստի կենտրոնի ղեկավար Մարիամ Մուղդուսյանն է պատմում.
«Հերթական անգամ քաղաքական գործիչներից մեկը, արդեն չեմ հիշում՝ ով, իր պարտքն էր համարել վիրավորել լրագրողներին: Գործի բերումով լրագրության հետ առնչվել են, սա նաև սոլիդարության ժեստ էր: Փաստորեն լրագրողներն ամենապատասխանատու գործերից են անում, և երբեմն վատ պատասխան ստանում»:
Լրագրողները շաբաթը մեկ անգամ մի քանի ժամ պարզապես նկարել են, անցկացրել վարպետության դասեր, իսկ ամենակարևորը, թերևս, մի քանի ժամ կտրվել օրվա լրահոսից , քաղաքական, սոցիալական ու տնտեսական զարգացումներից: Աշխատանքով պայմանավորված հիմնականում քաղաքական առօրյայով ապրող լրագրողների նկարները զարմացրել են Մարիամին.
«Որքան էլ տարօրինակ է, նկարները քաղաքական չեն ստացվել, թեմատիկան քաղաքական չի եղել: Երբ սկսեցինք դասընթացը մեծ մտավախություն ունեի, աստիճանաբար, սակայն, մենք սկսեցինք ավելի համարձակ քայլերով առաջ գնալ, կարծում եմ արդյունքն իրոք իրեն զգացնել է տալիս: Միանշանակ գոհացուցիչ արդյունք է:
«Հինգշաբթի» . գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքի խորագիրն է: Իսկ Հինգշաբթի, քանի որ հանդիպ ում էին հենց այդ օրը: Ցուցահանդեսին մասնակցում են 12 լրագրող հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից: Բարեգործական ցուցահանդես-վաճառքի գաղափարի հեղինակներն հենց լրագրողներն են: Մուղդուսյան արվեստի կենտրոնի ղեկավար Մարիամ Մուղդուսյան.
«Ի սկզբանե ես չեմ ունեցել նպատակ, որ բարեգործական ցուցահանդես-վաճառք լինի: Հաճախելով կենտրոն ու տեսնելով գործունեությունը, որտեղ հաճախում են նաև անապահով ընտանիքների երեխաներ, լրագրողներն իրենք են առաջարկել ցուցահանդես –վաճառք կազմակերպել:
«Ցուցահանդես վաճառքին ընտրվել են լավագույն աշխատանքները», -ասում է Մարիամ Մուղդուսյանն ու ընդգծում.
«Կա կարծրատիպ, որ լրագրողները միայն գաղջ են ստեղծում, պատկերացրեք, մենք այստեղ ապացուցեինք, որ լրագրողները շատ պայծառ, գունավոր , շատ դրական աշխարհայացք ունեն, մոտեցում ունեն: Գույների մի աշխարհ տեղափոխվեցին ու մեզ էլ տեղափոխեցին: Վեց ամսվա ընթացքում ես էլ համողզվեցի, որ հրաշալի աշխարհայացքով մարդիկ կան լրագրողների մեջ: Իմ բախտը բերել է, որ հենց այդ միջավայրում է անցել այս վեց ամիսը»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյան.
«Առաջին տպավորությունս այնպիսին է, որ բավականին հաջող է ստացվում, ու կարծես թե կկարողանամ որևէ իր ընտրել ինձ համար: Ի դեպ, շատ լավ նախաձեռնություն է, կարծում եմ շարունակական բնույթ կունենա»:
Ընդամենը հինգ պարապմունք ու ցուցահանդեսին ներկայացրած երկու նկար, որից մեկն ամենաբարդ՝ դիմանկարի ժանրում: Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի լրագրող Ալիսա Գևորգյանի մոտ անվարժ վրձնով խաղալու ցանկությունը տարիների պատմություն ունի.
«Շատ-շատ սիրում եմ խաղալ գույների հետ՝ անվարժ վրձնով, և միշտ ուզում էի, որ լիներ մեկը, որն իմ վրձին ավելի համարձակ շարժվելու հնարավորություն կտար, և բոլորովին պատահաբար կարդացի հայտարարությունը ֆեյսբուքում: Դասընթացը տևել է վեց ամիս: Ես սկզբում անընդհատ հետաձգում էի, որովհետև լարված օրեր էին, ժամանակը չէր հերիքում: Մաքսիմում վեց դասընթացի եմ մասնակցել, և ուրախ եմ, որ այդ դասընթացների արդյունքում ընտրվեց իմ նկարներից երկուսը: Մենք ընդամենը թղթի հետ ենք խաղում:Ես դիմանկար եմ նկարել, քանի որ գիտեի, որ ամենադժվար ժանրերից մեկն է, որոշեցի փորձել՝ ընդորում ծանոթ մարդու: Իմ գործընկերներից մեկը, որը վառ անհատականություն է, որոշեցի նրա կերպարը վերարտադրել թղթին: Ինչ է ստացվել, թող դատեն արդեն դիտողները: Արմինե Գևորգյանն է, կարծում եմ՝ նրան շատերը գիտեն: Հույս ունեմ, որ այս դիմանկարը իր համար հաճելի անակնկալ կլինի»:

Իսկ հաջողված լինելու մասին նաև այն փաստն է խոսում, որ «Ռադիոլուր»-ի լրագրող Արմինե Գևորգյանի դիմանկարը ճանաչում էին առաջին հայացքից, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան.
«Ճանաչեցի, չեմ ուզում սխալված լինեմ, կարծում եմ՝ իրենն է: Գրված է՝ Արմինե Գևորգյան: Փաստորեն ճանաչեցի»:
Ի դեպ, սեպտեմբերի երկրորդ կեսից Մուղդուսյան կենտրոնն իր դռները կրկին կբացի նկարել ցանկացող լրագրողների առջև:




