Հասարակություն

Օձունում զբոսաշրջությունը ծաղկում է, գործազրկությունը՝ աճում

alisagevorgyan
Խորհրդային տարիներին Լոռու մարզի արդյունաբերական կարևորագույն կենտրոններից մեկը համարվում էր  Օձուն համայնքը, որը ամենախոշորն էր նաև բնակչության թվով: Զբոսաշրջության ոլորտում համայնքն այսօր հաջողություններ է գրանցում, բայց գործազրկության խնդիրն այստեղ դրանով չի լուծվում:

 

 

Խորհրդային տարիներին Լոռու մարզի Օձուն համայնքը հանրապետությունում ամենամեծն էր համարվում: Այսօր ունի 5000 -ից ավելի բնակիչներ: Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանն ասում է, որ վերջին ութ տարիների ընթացքում Օձունում շուրջ տասը  կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել, նոր կոյուղագծեր, փողոցային լուսավորություն,  վերանոգված երկու մանկապարպեզներ, վերանորոգման ընթացքում գտնվող  արվեստի դպրոց: Վերջին տարիներին համայնքի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ Օձունի եկեղեցու վերանորոգումն էր:

Այն համարվում է հայկական ճարտարապետության  վաղ միջնադարյան գոհարներից մեկը: Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Օձուն եւ եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Օձուն անունն էլ ստացել է հենց «օծել» բառից: Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որը թաղված է ներկայիս եկեղեցու խորանի տակ: Պատմական միջավայրն ու չքնաղ բնությունն Օձուն են բերում բազմաթիվ զբոսաշրջիկների: Ըստ համայնքի ղեկավարի պահանջարկից ելնելով Օձունում տարեց տարի ավելանում է զբոսաշրջիկներին ընդունող  հյուրատների թիվը:

Համայնքում այս պահին կա տասը հյուրատուն, որոնք, ըստ համայքնի ղեկավարի, հազիվ են հասցնում սպասարկել արտասահմանցի զբոսաշրջիկներին: Խորհրդային տարիներին մարզի արդյունաբերական կարևորագույն կենտրոններից մեկը համարվող Օձունն այսօր, սակայն, զերծ չէ այն խնդիրներից, որոնք ընդհանուր են ողջ հանրապետությունում: Իսկ դրանց առանցքում, իհարկե, գործազրկության խնդիրն է:

Օձունի տարեցներից Գառնիկ Դավթյանի հետ եկեղեցու բակում ենք զրուցում, նրա բնորոշմամբ՝ Օձունի պռոսպեկտում: «Ամեն օր վաղ առավոտից այստեղ եմ: Եկեղեցու բակում հանգիստ է, հանգիստ է ու տխուր»,-ասում է Գառնիկ պապը:

Պատերազմական նահանջն ու Օձունի հանգստությունն այսօր  տարեց զրուցակիցս նույն տրամաբանության մեջ է տեսնում: Նահանջ չէ, ինչ է, եթե բոլոր չորս զավակներն այսօր հեռու են ծնողներից: Առանց ջահելների տխրում են, կարոտում, երբեմն մեղադրում նրանց, բայց նաև հասկանում:

Օձունի եկեղեցու բակում Գառնիկ պապն ամեն օր նստում է ծանոթ քարին ու հիշողութունների գիրկն ընկնում: Նախկին տարիների եռուզեռն այսօր նրան անիրական երազանք է թվում: Բայց տարածքում իրենց խաղով տարված օձունցի յուրահատուկ գեղեցկությամբ օժտված երեխաների աղմուկը միանգամայն այլ տրամադրություն է փոխանցում:

Back to top button