

Արժանապատիվ կենսաթոշակ՝ ՀՀ քաղաքացուն. սերունդների համերաշխության ներկայիս սկզբունքն այն չի կարողանում ապահովել: Կառավարությունում փնտրել ու գտել են թոշակների հաշվարկման ոչ թե արդար, այլ՝ ռազմավարական նշանակություն ունեցող մեթոդը: Չնայած պետբյուջեի միջոցների մեծ մասն ուղղվում է սոցիալական ոլորտին, այստեղ էլ նախապատվությունը կենսաթոշակներին ու նպաստներին է տրվում, միևնույնն է, Հայաստանում կենսաթոշակառուները դժգոհ են իրենց ստացած գումարներից: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանն այսօր հինգ տարվա լռությունն է խախտել՝ հանդիպելով լրագրողների հետ: Նա կատարած ու իր առաջին տեղակալը՝ Սմբատ Սաիյանը կատարած ու նախանշվող աշխատանքներն են ներկայացրել:
«Երկրի ռազմավարական խնդիրներից ելնելով, ելնելով նրանից, որ մեր թոշակառուները գտնվում են ծանր վիճակում, մենք գնացինք որոշման, որ շատ աշխատած մարդու թոշակը պիտի քիչ բարձրանա, իսկ ցածր թոշակ ստացողներինը՝ շատ: Մեր սերնդի հաշվին, ովքեր այսօր աշխատում են, աղքատ մարդկանց ավելի շատ թոշակ տվեցինք»:
Պետական բյուջեի հատկացումների շուրջ 30 տոկոսը սոցիալական ոլորտին է ուղղվում, միայն նպաստներին ու կենսաթոշակներին բաժին է հասնում 22 տոկոսը: Ամեն օր այս կառույցը տնօրինում է 1 մլրդ 400 մլն դրամ: Հայաստանում բնակչության 18 տոկոսը թոշակառու է, Եվրոպայում այն 11 տոկոս է կազմում: Մոտ 550 հազար գրանցված աշխատողներին բաժին է հասնում 451 հազար կենսաթոշակառու։ Այս թվին գումարվում է նպաստառուներ թիվը եւ 530 հազար մարդ օգտվում է պետական աջակցության միջոցներից։ Ակնհայտ է, որ պատվավոր թոշակի մասին խոսելը դառնում է անիմաստ
«Ճիշտ է, որ երեք աշխատող մի թոշակառու պահի, սակայն մեզ մոտ այդ գործակիցը 1,2 -1,3 է, որը շատ քիչ է»:
Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ Երևանի փողոցներում մեզ հանդիպած կենսաթոշակառուները գոհ չեն իրենց ստացած գումարից. «Համարյա 50 հազար եմ ստանում, էդ 50 հազարը որին տամ՝ ջրին, լույսին, հացին, գազին: Տես իմ հագի շորերը, որ ունենայի լավը չէի՞ հագնի»:
Ես 35 հազար եմ ստանում, ի՞նչ անեմ դրանով:
Ի դեպ, Սոցիալական ապահովության պետական ծառայությունն առաջիկայում կառավարության հաստատմանն է ներկայացնելու նախագիծ, որով երկքաղաքացիության պարագայում տվյալ երկրից կենսաթոշակ չստանալը հավաստող փաստաթղթով ոչ թե քաղաքացին, այլ՝ պետությունն է զբաղվելու:
ԱՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանն ասում է՝ հինգ տարվա ընթացքում 49 մլրդ դրամ են խնայել, տեղեկացնում է՝ կենսաթոշակների վերջին էական՝ շուրջ 14 տոկոս, բարձրացման մի մասը հենց իրենց խնայողությունների հաշվին էր:
ԱՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի փոխանցմամբ՝ այս տարվա հունվարի մեկից միանվագ նպաստ ստանում են նաև չաշխատող մայրերը: Ի դեպ, հերթական փոփոխություններից մեկով այժմ արդեն բոլորովին պարտադիր չէ, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու փաստաթղթերը մայրը ներկայացնի: Կարևորը դրանք տարածքային ստորաբաժանում ներկայացնելն է: Նշենք նաև, որ յուրաքանչյուր երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան միանվագ մեկ, և հինգերորդ ու հաջորդ երեխայի ծննդյան մեկ ու կես մլն դրամի դրամագլուխն ու ընդհանրապես նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով:




