Հասարակություն

Հալեպի Հայ Ավետարանական եկեղեցու մոտակայքում հրթիռներ են ընկել

halepՀալեպի հայկական թաղամասերը չորեքշաբթի ընդդիմադիր զինյալների հրթիռային հարձակումների թիրախում են հայտնվել:  Այս մասին «Արևելք»-ը տեղեկացել է Հալեպի իր աղբյուրից:

Ինչպես հայտնել է աղբյուրը, չորեքշաբթի օրը կեսօրից հետո պայթուցիկներ են ընկել Թելեֆոն Հաուայի շրջանում՝ պատճառելով նյութական ծանր վնասներ:

Տեղեկանալով, որ հրթիռներն ընկել են Հալեպի Հայ Ավետարանական եկեղեցու հարակից տարածքում՝ «Արևելք»-ը կապ է հաստատել Սիրիայի Հայ ավետարանական համայնքի նախագահ Վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ: Վերջինս հաստատել է, որ հրթիռների հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել:

Նա հավելել է նաև, որ Հալեպի հայկական շրջանակների համար չորեքշաբթին շատ ծանր օր է եղել: Նա մասնավորապես ասել է. «Այսօր բավական դժվար օր էր մեզ համար, և երկու հրթիռ ընկավ մեր եկեղեցու մոտ: Դպրոցի վերին հարկում մեծ թվով երեխաներ քննություն էին հանձնում, և նրանք հրաշքով փրկվեցին»:

Սելիմյանը, ով հրթիռակոծությունից անմիջապես հետո հասել է դեպքի վայր, նկատել է, որ, հրթիռները մեծ նյութական վնաս են պատճառել:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Հալեպի տարբեր շրջաններ ևս ենթարկվել են ծանր հրթիռակոծության, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ՝ վիրավորվել:

 

Կարդացեք նաև

Back to top button