

Նախորդ տարիների համեմատ Սանահինի Միկոյան եղբայրների թանգարան այցելողների թիվն այս տարի նվազել է, բայց այս պահին էլ այն շարունակում է մնալ տեղի կարևորագույն մշակութային հասցեներից մեկը: Թանգարանի հարուստ ցուցանմուշներն այսօր էլ հնարավորություն են տալիս թերթել ծնունդով սանահինցի Միկոյան երկու եղբայրների կենսագրության էջերը՝ լուսավոր, երբեմն նաև մութ էջերը:
Ամառային այս օրերին Սանահինի վանական համալիրը զբոսաշրջիկների պակաս չունի: Պատմական հուշարձան այցելողներից շատերը գյուղի կենտրոնում երբեմն զարմանքով հայտնաբերում են հսկայական ինքնաթիռը՝ ՄԻԳ 21-ը, որն ավիացիայի պատմության լեգենդներից է:
Միկոյան եղբայրների թանգարանի տնօրեն Հայկանուշ Աղբալյանն ասում է , որ արտասահմանցի զբոսաշրջիկների թվում քիչ չեն նրանք, ովքեր Սանահին են այցելում հենց թանգարանը տեսնելու նպատակով: 1971 թվականին այն հիմնադրել է Արտեմ և Անաստաս Միկոյանների հորեղբոր աղջիկը՝ Նուշիկ Միկոյանը: 34 տարի է թանագարանում աշխատում է տիկին Հայկանուշը՝ նրա դուստրը։
Դպրոցին կից կառուցվեց թանգարանը, որը տարիների ընթացքում համալրվել է բազմաթիվ ցուցանմուշներով: Միկոյանների զարմուհին առանձին հպարտությամբ է խոսում Արտեմ Միկոյանի Մոսկվայից Սանահին հասած ծառայողական մեքենայի ու ՄԻԳ 21 ինքնաթիռի ոդիսականի մասին։
1940 թվականին, պատերազմի նախօրեի,ն Գուրևիչի հետ միասին Արտեմ Միկոյանը ստեղծեց
հանրահայտ Միգ-1 կործանիչը: ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում սա հեղափոխություն էր: Միկոյանի ստեղծած կործանիչներն անգնահատելի դեր ունեցան ոչ միայն Հայրենական պատերազմում խորհրդային պետության հաղթանակի, այլև հետագայում ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի կայացման ու հզորացման գործում:
Միկոյանի ստեղծած ՄԻԳ-երը արտահանվել են աշխարհի շուրջ 40 երկրներ: Սանահինցի աշխարհահռչակ ավիակոնստրուկտորի գլխավորությամբ մշակված ու նախագծված ինքնաթիռներով համաշխարհային շուրջ 60 ռեկորդ է սահմանվել, որոնց մի զգալի մասն առ այսօր մնում է չգերազանցված:
Կենսագիրների ու ժամանակակիցների բնորոշմամբ՝ Միկոյանը նախևառաջ երազող էր, ինչն էլ նա համարում էր իր հաջողության բանալին: Եթե խորհրդային ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի դրական ու ինչ- որ առումով նաև հերոսական կերպարն առ այսօր մնում է անբեկանելի, ապա նույնը չենք կարող ասել նրա եղբոր՝ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի մասին: Կարծում եմ՝ հիշում ենք նրա արձանը Երևանում տեղադրելու շուրջ ստեղծված աղմուկն ու քննադատությունները: Սանահինում ապրող նրա զարմուհին ցավով է անդրադառնում այդ թեմային: Պատմական իրադարձությունների լաբիրինթոսում խճճվել չի ցանկանում։
Անաստաս Միկոյանին հասցեագրված քննադատության առարկան մասնավորապես նրա հայտնի հեռագիրն էր, որն ըստ քննադատաների, ժամանակին նպաստել էր, որպեսզի «ժողովրդի թշնամի» որակված ավելի շատ հայեր գնդակահարվեն: Երևանից Մոսկվա ուղարկված հեռագրում Միկոյանը գրել էր. «Հայաստանում 500 մարդ ձերբակալելը քիչ է, պետք է դարձնել 1000 մարդ»: Արխիվային փաստաթղթերի հիման վրա Անաստաս Միկոյանին վերագրվում են մեղքեր նաև Արցախի հարցում։




