

Սոցիալական աջակցություն սահմանամերձ Պարույր Սևակ համայնքին, օրենսդրության մշակման մասնագիտացված մարմին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի թիվ 7 դպրոցի մարզադաշտի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգում, կառավարության 30 րոպե տևողությամբ նիստ ու բողոքի ակցիա: Հերթական հինգշաբթին կառավարությունում այսպիսին է եղել: Կառավարությունը հաստատել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը: Հիմնադրամի ստեղծման նպատակն է օրենսդրության մշակման մասնագիտացված մարմին ունենալ:
Նախ, սեպտեմբերի մեկին ընդառաջ, դպրոցների վերանորոգման կամ նորոգման մասին: Հիշեցնենք, մեր երկրում Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մեկնարկել է «Սեյսմակայուն ու անվտանգ դպրոցաշինության ծրագիր»- ը, 100 մլն դոլար արժողությամբ համաձայնագիրը ստորագրված է, այս ծրագրի առաջին փուլով Երևանում ու մարզերում կկառուցվեն տասը, կվերակառուցվեն 36 դպրոցներ:
«Իսկ ինչու ենք մենք տալիս այլ կազմակերպության, որպեսզի ապամոնտաժեն, և չենք տալիս կառուցող կազմակերպությանը,- հարցրեց վարչապետը: Աշոտ Մարկոսյանի պարզաբանմամբ, այդ հարցը քննարկվել է, և մտահոգությունն այն է, որ եթե քանդող կամ ապամոնտաժող կազմակերպությունը և կառուցող կազմակերպությունը նույնը լինի, մտահոգություն կա, որ հին շինանյութերը, որոնք հետագայում կարող ենք օգտագործել, նոր դպրոցների համար հումք դառնան: Անհիմն բան եք ասում», — հակադարձեց վարչապետը:
Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի ներկայացրած նախագծով, առաջարկվում է ապամոնտաժման ենթակա շենք-շինությունները անհատույց սեփականության իրավունքով, հանձնել նախապես բանակցությունների միջոցով ընտրված լիցենզավորված շինարարական ընկերություններին՝ մինչև դեկտեմբերի 20-ը, դրանք քանդելու և ապամոնտաժելու համար: Առաջին հայացքից արտառոց չթվացող նախագծում սակայն, հարցեր կան, որոնց պատասխանը դեռ չի ստացել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի պատասխանը վարչապետին ավելի հավանական թվաց
Ինտերներտ շահումով խաղերի կազմակերպումն այսուհետ մեր երկրում կլիցենզավորվի, «միասնական մոտեցում է ցուցաբերվում այս ոլորտի նկատմամբ»,-ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ նախաձեռնությունը պետք է անհետաձգելի համարել: Այսուհետ այլ երկրի քաղաքացիություն ստանալիս, ՀՀ ոստիկանությանն այդ մասին հայտնելը պարտադիր չէ: Հետևաբար քաղաքացին ազատվում է նաև չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունից : Նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ կան նաև բացառություններ:
«Երկքաղաքացիության մասին հայտնելու պարտականությունը նպատակահարմար է թողնել միայն առանձին պաշտոնի հավակնորդների և պաշտոնատար անձանց համար, այն դեպքում, երբ այլ պետության քաղաքացիություն ունենալը տվյալ պաշտոն զբաղեցնելու իրավական արգելք են հանդիսանում»:
«Տանգո» Ընկերության կողմից Կառավարական N 2 մասնաշենքի շենք-շինությունների օտարումից ստացված 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը կուղղվի Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:
Սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի տեղեկացմամբ, մի շարք ծրագրերի գնման գործընթացների ժամկետները խախտվել են: Մինչդեռ դրանք շատ կարևոր են եղել, ինչպես օրինակ ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում, «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում» և ոչ միայն: Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է.
«Մրցութային ժամկետը խախտվել է նախարարության բացթողման պատճառով, ինչի համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Ամռան վերջին նիստի օրն էլ մարդաշատ էր կառավարության շենքի հարակից հատվածը: Այստեղ բողոքի ակցիա էին անցկացնում «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատակիցները: Նրանք աշխատավարձերի ուշացման տոկոսների վճարում և գործարանի վերագործարկում են պահանջում:




