Հասարակություն

ԼՂՀ ԱԺ-ն ընդունել է համաներում անցկացնելու առաջարկը (լրացված)

տեղադրվել է ժամը 13։46- ին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախի խորհրդարանն այսօր միաձայն հավանության արժանացրեց Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը:  Դրա արդյունքում առաջիկայում ընտանիքի գիրկն է վերադառնալու հարյուրից ավելի քաղաքացի: Ում է վերաբերելու ԼՂՀ հռչակման 25-ամյակի առթիվ հայտարարված համաներումը` պատգամավորներին  պարզաբանել է ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը:

 

Արցախում 25 տարվա պետականության ընթացքում համաներման ակտ ընդունվել է 6 անգամ, ընդ որում 4-ը՝ հենց հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ:  Համաներմամբ որոշ անձիք ընդհանրապես ազատվելու են պատնժը կրելուց, նախատեսվում է կարճել արդեն իսկ հարուցված որոշ գործեր:

Համաներումը  տարածվելու է  նաեւ Հայրենական մեծ, աֆղանական պատերազմների, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության  համար մղված մարտերի մասնակից կամ նրանց հավասարեցված անձանց վրա, ունեն բռնադատվածի կարգավիճակ, կամ նրանց հարազատներ են եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար  ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել, կամ կրել են,  սակայն դատվածություն չունեն: Որոշ դեպքերում համաներման արդյունքում կրճատվելու են պատժաչափերը:

Համաներման մասին որոշումը   տարածվում է նաեւ քրեական հետապնդման որոշ դեպքերի վրա` կասեցման իմաստով, դադարեցվելու է պատժից վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վերահսկողությունը, հետախուզման մեջ գտնվողներին հնարվորություն է տրվելու մինչեւ նոյեմբերի 1 ներկայանալ իրավապահ մարմիններին։ Այդ դեպքում համաներման հարցը քննարկվելու է առանձին:

Համաներումից չեն օգտվելու այն անձիք, ովքեր մեղադրվում են դիվերսիաների, պետական դավաճանության  մեջ: Համաներման վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից եւ, ինչպես այսօր հավաստիացրեց ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը, մարդիկ  ընտանեկան օջախ են վերադառնալու մինչեւ դեկտեմբերի 1- ը։

Back to top button