Հասարակություն

Կառավարությունը մտադիր է նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենքների քանակը

hasmikdilanyan
ՀՀ կառավարությունն այսօր  հաստատել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ,  դեռևս 2013 թվականին քննարկումներ են անցկացվել ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի հետ և հիմնադրամի ստեղծումը կարևորվում է հատկապես  սահմանադրական բարեփոխումների համատեքստում:

«Որպես հեռահար ռազմավարական նպատակ՝ նախատեսում ենք նաև նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենսդրությունների քանակը: Հիմնադրամի ստեղծման նպատակն է ունենալ օրենդրության մշակման մասնագիտացված մարմին»,- նշել է  նախարարը՝ ավելացնելով, որ հիմնադրամը ստեղծվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հետաքրքրվել է, թե ԱՄՆ ՄԶԳ-ն քանի տարի է ֆինանսավորելու հիմնադրամը, և արդյոք այդ ժամկետի ավարտից հետո լրացուցիչ բեռ չի լինի կառավարության վրա, Արփինե Հովհաննիսյանն էլ պատասխանել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորելու է երկու տարի: Նախարարի խոսքով՝ բանակցությունները միջազգային կառույցների և Քուվեյթի պետության հետ վստահություն են տալիս, որ հետագայում ևս ֆինանսավորողներ կլինեն:

Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինն է Արդարադատության նախարարությունը, իսկ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Տիգրան Մարկոսյանը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ պետական հիմնադրամը կգրանցվի ԱՆ-ի կողմից, իսկ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը:

Հիմնադրամի նպատակն է աջակցել ՀՀ կարգավորիչ քաղաքականության մշակմանը, կարգավորիչ կառավարման ներդրմանը և զարգացմանը, ծավալուն հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ նախատեսող կամ առավել կարևորություն ունեցող օրենսդրության զարգացման հայեցակարգերի մշակման աշխատանքների իրականացումը, իրավական ակտերի մշակման տարեկան ծրագրերի կազմումը, գործող օրենսդրության վերլուծությունը և այլն:

Back to top button