

Ազգությամբ եզդի շուրջ քառասուն ուսուցիչներ այս օրերին մայրենի լեզվի վերապատրաստման դասընթացներ են անցնում ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում: Համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանն Ալիսա Գևորգյանի հետ զրույցում նշել է, Հայաստանում եզդիերեն լեզվի դասավանդման ոլորտում կան լուրջ հաջողություններ, որոնք անպայման փորձելու են ամրապնդել նաև նման դասընթացների միջոցով:
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում ազգությամբ եզդի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն անցկացրել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, Հանրային ռադիոյի եզդիների համար տրվող հաղորդումների խմբագիր Հասան Թամոյանը։ Մեր լեզուն բարդ է, հեշտ չէ յուրացնել բոլոր կանոնները՝ ասում է Թամոյանը՝ շեշտելով՝ դասընթացի ավարտին վկայականներ կստանան նրանք, ովքեր կհամապատասխանեն պահանջվող չափորոշիչներին։
Հայաստանում եզդիերեն լեզվի դասավանդումը իրականացվում է 2005 թվականից: «Եթե 10 տարի առաջ եզդի ուսուցիչ հասկացողությունն անգամ տարօրինակ էր հնչում, ապա այսօր ձևավորվել է եզդի մանկավարժների կուռ համայնք, որի հաջողություններին պետք է տեր կանգնենք»,- ասում է Հասան Թամոյանը՝ նկատելով, որ հաջողություններն այս ոլորտում ակնառու են: Նշենք, որ, ի տարբերություն հայկական մանկավարժական համայնքի, ազգությամբ եզդի մանկավարժների շրջանում գերակշռում են տղամարդիկ: Հասան Թամոյանն ասում է, որ դա պայմանավորված է ազգային փոքր ինչ պահպանողական ավանդույթներով:
Հուշիկ Բերոյանն ինը տարի եզդիերեն լեզու և գրականություն է դասավանդում Շիրակի մարզի Ազատան համայնքի միջնակարգ դպրոցում: Նա համոզված է, որ իրականացնում է կարևորագույն առաքելություն, որպեսզի եզդի երեխան ճանաչի սեփական լեզուն ու պահպանի ինքնությունը։




