Հասարակություն

Սրտի ստենտավորման գինը Հայաստանում որոշակիորեն կիջնի

Նախարարությունը  քայլեր է իրականացնում սրտի ստենտավորման ծառայության գնի իջեցման ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

«Եթե վարակիչ հիվանդություններից մահացությունն իջեցրել ենք ու վերահսկելի սահմանում ենք պահում, ապա ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում երկիրը որդեգրել է ռազմավարություն` սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի դեմ պայքարի: Սրտի ստենտավորման պետական ծրագրով, որ ստացել է «Կյանքի համար ստենտ» անվանումը,  801 ստենտավորում է կատարվել տարվա սկզբից մինչ օրս բացառապես պետական միջոցների հաշվին»,- ասել է Խաչատրյանը` հավելելով, որ ստենտավորման դեպքերը շատ ավելին են` երբեմն ոչ սուր դեպքերում որպես վճարովի ծառայություն:

Փոխնախարարը հաստատել է տեսակետը, որ Հայաստանում սրտի ստենտավորման ծառայությունն ավելի բարձր գին ունի, քան հարևան երկրներում: Նրա տեղեկացմամբ` բազմաթիվ քննարկումներ են ծավալվել նման ծառայություններ մատուցող 11 սրտանոթային կենտրոնների հետ Երևանում ու մարզերում, որոնց ներկայացրել են տնտեսական հաշվարկներ, ըստ որի այդ ծառայության գինն իջեցնելու հնարավորություն կա, ինչը պետք է իրագործել:

«Այդ գինը կապված է հիվանդների քիչ քանակի ու պահպանման ծախսերի բարձր լինելու հետ: Սակայն մեծ թվով հիվանդներին օգնություն ցույց տալը կբերի ֆիքսված ծախսերի կայուն մնալուն և գների իջեցմանը»:

Փոխնախարարը նշել է, որ Առողջապահության նախարարությունը քննարկում է անցկացրել Հայաստանի 11 բժշկական կենտրոնների հետ, որոնցում իրականացվում է ստենտավորում:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ Գյումրիի բժշկական կենտրոնն արդեն հայտարարել է ստենտավորման գնի նվազեցման մասին՝ 1 մլն 800 հազար դրամից մինչեւ 1 մլն 200 հազար դրամ:

«Շուտով այդպիսի հայտարարություններ կլսենք նաեւ մյուս հիվանդանոցներից», — ասել է փոխնախարարը:

Back to top button