

Ոչ թե արգելել, այլ բարձրացնել սպառողների իրազեկվածության աստիճանը: Հայաստանում սննդի փորձագետները ցանկանում են եվրոպական այս ճանապարհով առաջ շարժվել: Այսօրվա նրանք խոսել են ասպարտամ կոչվող սննդային հավելանյութի մասին, մատնանշել համաշխարհային փորձն ու դրա դեմ պայքարի ուղին: Հատկապես վերջին օրերի տապից փոքր- ինչ զովանալու համար մեր համաքաղաքացիները հենց գազավորված ըմպելիք են նախընտրում:
Զովացուցիչ գազավորված ըմպելիքների պահանջարկն ավելանում է հատկապես ամռան տապին: Դրանց, ու ոչ միայն, արտադրության մեջ ի թիվս այլ նյութերի օգտագործվում է ասպարտամ կոչվող սննդային հավելումը՝ շաքարի փոխարեն: Այն ավելի մատչելի է տնտեսվարողի համար, ավելին, սննդային այս հավելումը 200 անգամ ավելի քաղցր է շաքարից: Սպառողների մի մասը ասպարտամ դիտարկում է որպես քաշը կարգավորող միջոց:
«Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա» գիտագործնական հանդեսի գործադիր խմբագիր Գոհար Ջրբաշյանը թվարկում է ռիսկային սննդամթերքի ցանկը՝ աղանդերի, խմիչքի, մաստակի արտադրության մեջ։ «Ասպարտամը կիրառվում է նաև քաղցրահամ մանկական որոշ դեղերի ու վիտամինների բաղադրությունում»։
Մասնագետներն ահազանգում են՝ ասպարտամը վտանգավոր նյութ է, դրա չարաշահումը՝ շատ ավելի վտանգավոր: Մեր զրուցակիցները գիտեն դրա մասին, իհարկե՝ ոչ թե անունը, այլ, որ գազավորված ըմպելիքը վտանգավոր է, սակայն, նրանց մի մասը, այդուհանդերձ, գերադասում է այն օգտագործել։
Ասպարտամ օգտագործվում է ամբողջ աշխարհում, սակայն այն չեն արգելում, բարձրացնում են սպառողի իրազեկվածության մակարդակը: Պարենային իրավունքի փորձագետ, ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ընդգծում է, , որ խանութում ապրանքի վրայի մակնշումը կարդալով «հրաժարվում եմ ասպարտամ պարունակող խմիչքներից՝ նախապատվություն տալով ասպարտամ օգտագործող ընկերություններին՝ այսպիսով ձևավորելով սպառողական շուկա»:
Ասպարտամն արդեն 30 աստիճանից կարող է առաջացնել մի շարք թունավոր նյութեր: Այն պարունակող զովացուցիչ գազավորված ըմպելիքը սառնարանում պահելը պարտադիր է։ Մասնագետները հորդորում են ոչ թե պետական մարմիններին ապավինել, այլ հետևել սեփական առողջության պահպանմանը: Իսկ տնտեսավարողներին առաջարկում են նույն ապրանքից արտադրել և շաքարով , և առանց շաքարի՝ սպառողին ընձեռելով ընտրության հնարավորություն:




